Սնոուդենի մասին ֆիլմի նկարահանումների մի մասը կանցկացվի Ռուսաստանում. փաստաբան
Հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունի նոր ֆիլմի նկարահանումների մի մասը կանցկացվի ապրիլին Մոսկվայում։ Ֆիլմն ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին է և նկարահանվում է «Ութոտնուկի ժամանակը» գրքի հիման վրա, որի հեղինակը փաստաբան Անատոլի Կուչերենան է։ Նա նաև նշել է, որ անձամբ կխաղա որևէ էպիզոդիկ դեր, փոխանցում է РИА Новости-ն։
Գիրքը վաճառքում է մարտի 3-ից։ Իսկ էկրանավորման իրավունքը Կուչերենան վաճառել է ռեժիսոր Սթոունին։ Գլխավոր դերակատարի համար ընտրվել է դերասան Ջոզեֆ Գորդոն Լևիթը, ֆիլմում կնկարահանվի նաև Նիքոլաս Քեյջը։
«Հենց նոր եմ վերադարձել նկարահանումներից, որոնք ամբողջ ուժով ընթանում են Ամերիկայում։ Դա շատ հետաքրքիր գործընթաց է, ես առաջին անգամ էի ներկա հոլիվուդյան ֆիլմի նկարահանումներին։ Նկարչի, ռեժիսորի վարպետությունը շատ բարձր է, նրա աշխատանքը տպավորիչ է։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում նկարահանումներ կլինեն ապրիլին»,- ասել է Կուչերենան։










