Մոնտեվիդեոյում լույս է տեսել փաստաբան Օսկար Լոպես Գոլդարասենայի՝ «Հայոց մշակութային ցեղասպանություն» գիրքը

00:30 • 13.03.15

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին Մոնտեվիդեոյում լույս է տեսել մարդու իրավունքների պաշտպան,  փաստաբան, գրող և  քաղաքական գործիչ Օսկար Լոպես Գոլդարասենայի նոր գիրքը` «Հայոց մշակութային ցեղասպանություն» խորագրով: Խոսելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, զանգվածային կոտորածների և տեղահանության մասին` ուրուգվայցի գործիչը կարևորել է «մշակութային ցեղասպանության» ընդունումը՝ որպես միջազգային հանցագործություն, որը կատարվում է «խմբի կամ դրա որոշակի անդամներ նկատմամբ` ազդելով նրանց կենսակերպի վրա և խմբի անդամներին ոչնչացնելու նպատակով»:

 

Գիրքը նվիրված է «մշակութային ցեղասպանություն» հասկացության սահմանմանն ու վերլուծությանը` որպես առանձին  կատեգորիա, ինչպես նաև՝ անդրադառնում է դրա հետևանքներին` իրավական տեսանկյունից:


124 էջանոց գիրքը հրապարակվել է Ուրուգվայի  Տեղեկատվության պետական կենտրոնի կողմից` Մարդու իրավունքների պաշտպանության  ազգային հաստատության ու Ուրուգվայի Հայ դատի խորհրդի հովանավորությամբ:


Միևնույն ժամանակ՝ Օսկար Լոպես Գոլդարասենան, ով մասնագիտանում է մարդու իրավունքների հարցում, դիտարկել է Հայոց ցեղասպանության հարցը` որոշակի բնորոշումներ տալով և անդրադառնալով դրանից բխող պարտավորություններին: Գոլդարասենան մեկնաբանել է, որ հարցը միայն մշակութային կոթողներ այցելելը չէ, դրանք պետք է վերականգնել և վերադարձնել  այն կորցրած ժողովրդին:


«Հայոց մշակութային ցեղասպանությունը շարունակվում է իրագործվել, շարունակվում են գործողություններ իրականացվել, որոնք հակասում են միջազգային իրավունքին, և հայ ժողովուրդն իրավունք ունի պահանջելու, որ ագրեսոր երկիրն ընդունի, որ Ցեղասպանություն է եղել, քանի որ այն հերքելը ևս ոտնձգություն է ոչ նյութական ժառանգության հանդեպ», - հավելել է ուրուգվայցի գրողը:
 

Մոնտեվիդեոյում լույս է տեսել փաստաբան Օսկար Լոպես Գոլդարասենայի՝ «Հայոց մշակութային ցեղասպանություն» գիրքը