Պարտադրե՞լ, թե՞ մարդիկ իրենք կզգան Չարենց կարդալու պահանջը. այսօր Չարենցի ծննդյան օրն է
Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Մամուլի ասուլիսին «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ Չարենցի անձի, ստեղծագործությունների շուրջ բազմաթիվ մութ կետեր, առեղծվածներ կան: Նա կարծում է, որ պետք է հրատարակվի չարենցյան հստակ ժողովածու՝ հասարակության լայն շերտի համար: «Անկախության շրջանում Չարենցի տպագրված գրքերը կարելի է մատների վրա հաշվել»,- ասաց նա և նշեց, որ դա կապված է մի շարք բարդությունների հետ:
Նա նկատեց, որ հակասություններ կան Չարենցի էրոտիկ բնույթի ստեղծագործությունների հրատարակելու առնչությամբ: Նա կարծում է, որ պետք է տարբերակվի այն ստեղծագործությունները, որոնք նախատեսված են հասարակության լայն շերտի համար, իսկ սահմանափակ քանակով որոշ ստեղծագործություններ՝ գրադարանների, գիտնականների համար: «Չարենցագիտությունը փաստերը վերաճշգրտելու կարիք ունի: Ամեն դեպքում մենք շարունակում ենք թերի ներկայացնել Չարենցին»,- ասաց նա և նշեց, որ երբ շատ, ամբողջական կարդանք Չարենց, նրա ոչ մի արարք տարօրինակ չի համարվի:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը հայտնեց, որ Ռուսաստանում գտնվող Չարենցի հայրական տունը անմխիթար վիճակում է գտնվում, հանձնված է մասնավոր հատվածին և մեր իշխանությունները պետք է այդ հարցը բարձրացնեն: Նա ասաց, որ հետազոտություններ են կատարվել, որոնք պարզել են, թե դեռ 30-ական թվականների սկզբից Չարենցը գտնվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ուշադրության ներքո, և երբ նա հանդիպումներ է ունեցել, դրանք սղագրվել են և ներկայացվել բոլոր նրանց ում հարկն է: Նա ասաց, որ մենք դեռ չգիտենք, թե ինչու է Չարենցը որոշ ժամանակ բնակություն հաստատել Լենինգրադում:
Հովիկ Չարխչյանը նշեց, որ նորահայտ վավերագրերը այսօր էլ տպագրվում են: «Առանձնապես մեծ պահանջներ ես չունեմ Չարենց ընկալողներից, թող յուրաքանչյուր մարդ իր ընկալումների սահմաններում ընկալի Չարենցին: Չէի ցանկանա մեկին պարտադրել, ստիպել, որ կարդա Չարենց, մարդիկ իրենք պետք է այդ պահանջը զգան»,- ասաց նա:
Իսկ Արքմենիկ Նիկողոսյանը ճիշտ հակառակը՝ կպարտադրեր կարդալ Չարենց, ու հատկապես կցանկանար, որ պատկան մարմինների ներկայացուցիչները կարդային Չարենցի «Գիրք ճանապարհին», որպեսզի իմանան, թե ինչպես պետք է կառուցել պետություն:










