«Ժառանգություն»-ում ստեղծված իրավիճակը պայմանավորված է ներքին անհստակություններով. Ս. Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց կուսակցությունում ընթացող գործընթացների վերաբերյալ և նշեց, որ ըստ «Ժառանգության» անդամների՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը փաստորեն ճիշտ տեղեկատվություն չի փոխանցել Բաղրամյան 26 գնալ-չգնալու հարցով վարչության որոշման մասին. «Ժառանգության անդամներն իրենք են ասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր համաձայնությունը տվել է միայն այն պատճառով, որ իրեն ասվել է, որ վարչությունը կողմ է»։
-Պարո՛ն Սաֆարյան, «Ժառանգություն» կուսակցությունում սկսված գործընթացների վերաբերյալ ասվում է, որ ջինը շշից դուրս է եկել: Հնչում են կոպիտ մեղադրանքներ, ընդհուպ մինչև «հաճախորդ լինելու»: Ըստ Ձեզ՝ ստեղծված իրավիճակն ունի՞ օբյեկտիվ պատճառներ:
-Ինչպես ես եմ նկատում՝ վերջին երկու օրերին իրավիճակը մի փոքր հանդարտվել է, և կա որոշում՝ քննարկումները տեղափոխել կուսակցության վարչության նիստ: Եվ որքան ես եմ կողքից հասկանում՝ խնդիրը հետևյալի մեջ է. վարչությունը խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ բոլորը դեմ են արտահայտվել Բաղրամյան 26 գնալուն՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, բայց, ինչպես Հակոբյան Ռուբենն է ասում, ավելի ճիշտ՝ Արմեն Մարտիրոսյանը`«Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնեցրել ենք, նոր գնացել»: Այսինքն՝ այստեղ կա վարչության նախագահ և վարչության որոշում բախում: Բայց թե ինչպե՞ս այն կլուծվի, դժվարանում եմ կանխատեսել, որովհետև այդ հարցը կարող էր և՛ վարչության նախագահը որոշել (Րաֆֆի Հովհաննիսյանը), և՛ վարչությունը: Հետևաբար, իրենք ներսում պետք է որոշեն, թե ո՞րն է դոմինանտ:
-Թեպետ «Ժառանգությունում» բոլորը մինչ այժմ ազատ արտահայտվելու հնարավորություն են ունեցել, տարբեր կարծիքներ են ունեցել, բայց որոշումները կոնսենսուսով են ընդունվել։ Եվ, կրկնում եմ, մեղադրանքներ են հնչել արդեն, որ նախկինում երբևէ չէին հնչել: Ի՞նչ եք կարծում՝ «Ժառանգությունը» պառակտման եզրի՞ն է:
-Ցավում եմ այն ամեն ինչի համար, ինչ տեղի է ունենում կուսակցությունում, որովհետև ինձ համար ցավալի է տեսնել, որ դա տեղի է ունենում Արմեն Մարտիրոսյանի և Զարուհի Փոստանջյանի միջև, ում հետ ես աշխատել եմ: Բայց, կրկնում եմ, հստակեցման հարց կա, և եթե վարչությունն է որոշումներ կայացնում, ապա այս հարցով թերևս ճիշտ է Զարուհի Փոստանջյանը: Որ չպետք է գնային: Ես չեմ ուզում, ճիշտն ասած, շատ … պեղել, բայց Հակոբյանը Ռուբենը նշել էր, որ վարչությունը կողմ է եղել, բայց կարծես թե «Ժառանգության» անդամները հերքում են, որ կողմ են եղել: Այսինքն՝ այստեղ կարծեք թե Հակոբյան Ռուբենի խնդիրն է ծագում, ոչ այնքան Արմեն Մարտիրոսյանի և Զարուհի Փոստանջյանի, որովհետև Հակոբյանն Ռուբենն է Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրել, որ վարչությունը կողմ է եղել, մինչդեռ իրականում նման բան չի եղել, ինչպես Զարուհի Փոստանջյանն ու մյուսներն են ասում: Հետևաբար, տարօրինակ է, որ վեճը Արմենի ու Զարուհու միջև է:
-Հայտնի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 2012-ի նախագահական ընտրություններից հետո ժամանակին գնացել է Նախագահի նստավայր՝ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ուզում եմ ասել՝ նախագահական նստավայր գնալը Րաֆֆի Հովհաննիսյանին հոգեհարազատ գործելաոճ է: Այդ դեպքում խնդիրը ո՞րն է:
-Ես շատ բան չգիտեմ, այլ միայն այն, ինչ ասվել է հրապարակավ, որովհետև «Ժառանգության» անդամներն իրենք են ասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր համաձայնությունը տվել է միայն այն պատճառով, որ իրեն ասվել է, որ վարչությունը կողմ է: Ես չգիտեմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ որոշում կկայացներ, եթե իրեն ասվեր, որ վարչությունը դեմ է: Եվ այդ ամեն ինչի հետ կապված Հակոբյան Ռուբենը պետք է բացատրություն տա: Ես հասկանում եմ, թե ինչու հրապարակավ չէր ասում, քանի որ դա խնդիր է, որ իրենք որոշել են քննարկել «Ժառանգության» ներսում, և դա ճիշտ է, բայց համենայնդեպս, այն հայտարարություններից, որ արվում են, ճչում է Հակոբյան Ռուբենի հայտարարությունների հակասականությունը:
-Այժմ բոլորը կենտրոնացած են «Բարգավաճ Հայաստանի» վրա, բայց չեք կարծո՞ւմ, որ «Ժառանգությունն» էլ պառակտվում է: Ձեր կարծիքով սա և՞ս վերջին 20-25 օրերի օբյեկտիվ պրոցեսների թվում է:
-Ինձ համար սա շատ նման է նրան, ինչ տեղի ունեցավ 2009-ին մեզ հետ, երբ ՀԱԿ-ի ու «Ժառանգության»՝ մեկ ուղեգծով գնալ-չգնալու խնդիրն էր քննարկվել, և դա բերեց պառակտման: Նախկինում էլ իմ ընկերներին առիթ ունեցել եմ ասելու, որ այս ճանապարհը, ցավոք սրտի, կորստաբեր է լինելու «Ժառանգության» համար, որովհետև այս, այս գործոնների պատճառով կուսակցության ներսում ձևավորվելու են «կողմ» և «դեմ» թիմեր, ինչպես 2009-ին, երբ ձևավորվել էին Լևոնի կողմնակիցներ ու չկողմնակիցներ, անկախ գծի կողմնակիցներ: Թերևս այս առումով իրավացի եք Ձեր դիտարկման մեջ, որ ինչ-որ առումով որդեգրված քաղաքական կուրսի հետևանքն է:
- Եթե հանկարծ իրադարձություններն այնպես դասավորվեն, որ կա՛մ Զարուհի Փոստանջյանը որպես վիրավորված կողմ հանդես գա և հեռանա կուսակցությունից, կա՛մ Ռուբիկ Հակոբյանը, դրանից հետո «Ժառանգություն» խմբակցություն կլինի՞ որպես այդպիսին: Որովհետև դե ֆակտո խմբակցությունում արդեն իսկ 2-3 պատգամավոր է, 3-րդ էլ հարցական է, որովհետև Թևան Պողոսյանը կուսակցության անդամ չէ:
- Այո, շատ տարօրինակ և անմխիթար իրավիճակ կձևավորվի, որովհետև իսկապես ԱԺ-ում «Ժառանգությունից», ցավոք սրտի, ոչինչ չի մնա, որովհետև դժվար է դիտարկել մեկ հոգանոց խմբակցություն: Էն էլ դժվար է ասել, թե այդ մեկ հոգին ով կլինի, ով է իրեն համարելու «Ժառանգություն», եթե հանկարծ խնդիրը չլուծվի հաշտության ճանապարհով:
-Ստեղծված իրավիճակում տեսնո՞ւմ եք Րաֆֆի Հովհաննիսյանի լիբերալիզմի մեղքը:
-Մեղքը չէի գցի ժողովրդավարության վրա, խնդիրը ճիշտ հակառակում է, միգուցե՝ անհստակություններն են: Այ, եթե հստակություն լիներ, թե նման հարցերում ո՞ւմ որոշումն է դոմինանտ, թերևս այսպիսի խնդիր չլիներ: Ինձ թվում է՝ ավելի շատ որոշումների հիերարխիայի խնդիր կա:










