Գեղեցիկ կանայք և ազդեցիկ տղամարդիկ. լուսանկարչության հայ լեգենդ Հովսեփ Քարշը` Time-ի անդրադարձում
Հեղինակավոր Time հանդեսը անդրադարձել է համաշխարհային լուսանկարչության լեգենդ, հայազգի լուսանկարիչ Հովսեփ Քարշին: Վերջինիս աղբյուրը անվանում է «20-րդ դարի մեծագույն պորտրետային լուսանկարիչներից մեկը»:
Աղբյուրը ներկայացնում է Քարշի և Չերչիլի միջև տեղի ունեցած հայտնի դրվագը, երբ լուսանկարիչն ընդամենը մեկ կադր անելու հնարավորություն է ունեցել և պահի տակ, առանց զգուշացնելու, քաշել-հանել է Չերչիլի բերանից իր հանրահայտ սիգարը: Այդպես ստացվել է Չերչիլի ամենահայտնի լուսանկարներից մեկը: 1941-ին արված այդ լուսանկարից էլ սկսվել է Քարշի կարիերան:
1992-ին ասպարեզից հեռանալուց առաջ նա հեղինակել էր 15000 լուսանկար, որոնցից 20-ը հայտնվել էր LIFE հանդեսի շապիկին:
Աղբյուրը նկատում է, որ Քարշի համար թերևս սովորական էր դարձել լուսանկարել Էլիզաբեթ Երկրորդի կամ Հռոմի պապի պես հայտնի դեմքերի: Մեջբերվում է նաև Sunday Times-ի՝ ժամանակին արված դիտարկումը, թե երբ հայտնիները ցանկանում են անմահանալ, նրանք դիմում են Քարշին:
Time-ի ներկայացրած ֆոտոշարքում հոլիվուդյան գեղեցկուհիներն են, ամենաազդեցիկ և ինտելեկտուալ տղամարդիկ:
Ներկայացվում է նաև նրա կյանքի պատմությունը` Հայոց ցեղասպանությունը վերապրելու կտրվածքով: Քարշի ժառանգության համադրող և տնօրեն Ջերի Ֆիդլերը, մասնավորապես, ասում է. «Նա հասակ է առել Հայոց ցեղասպանության շրջանում և ամենավատ բաներն է տեսել կյանքում և այդ պատճառով էլ իսկապես գնահատել է ամենալավը»:
Հետագայում նա Թուրքիայից գաղթել էր Կանադա:
Մուհամեդ Ալին

Ֆիդել Կաստրոն

Ուինսթոն Չերչիլը

Ժակ Իվ Կուստոն

Ջոան Քրոուֆորդը

Ալբերտ Էյնշտեյնը

Էլիզաբեթ թագուհին

Էռնեստ Հեմինգուեյը

Օդրի Հեփբըրնը

Գրեյս Քելլին

Ժակլին Քենեդին

Ջոն Քենեդին

Մարտին Լյութեր Քինգը

Կինոյի լեգենդներ Վիվիեն Լին և Լոուրենս Օլիվյեն

Էլիզաբեթ Թեյլորը











