Ամերիկյան հեռուստատեսությամբ կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին հայտնի վավերագրական ֆիլմը

22:29 • 19.03.15

Հայոց ցեղասպանության մասին հանրահայտ վավերագրական ֆիլմը կցուցադրվի PBS ամերիկյան հեռուստաալիքով: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

 

Աղբյուրը հայտնում է, որ այդ ֆիլմը 2006-ին ցուցադրված «Հայոց  ցեղասպանություն» վերնագրով  փաստագրական մեկժամանոց ֆիլմ է, որը ժամանակին արժանացել է մրցանակների, կինոքննադատների դրվատանքին: Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են ԱՄՆ-ում Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Սիրիայում և Թուրքիայում:

 

Ֆիլմում, փորձագետներից ու քաղաքական գործիչներից բացի, հնչում է այնպիսի կինոաստղերի խոսքը թեմայի շուրջ, ինչպիսիք են Էդ Հարիսը, Նատալի Պորտմանը, Օռլանդո Բլումը:

 

Ֆիլմի վերաթողարկումը հնարավոր է դարձել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների ամերիկյան կոմիտեի ջանքերով: Ֆիլմը ապրիլին կտրամադրվի նաև ամերիկյան հանրային հեռուստակայաններին, որպեսզի դրա ցուցադրմամբ ոգեկոչվի Հայոց ցեղասպանությունը:

 

Ամերիկյան հեռուստատեսությամբ կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին հայտնի վավերագրական ֆիլմը