Մարիինյան թատրոնում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կանցկացվի

10:39 • 20.03.15

Ռուսական հայտնի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում մարտի 29-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ալտահար Մաքսիմ Նովիկովը, ով հանդես է գալու այդ համերգում:


«Հայաստանից հենց ես եմ այդ համերգին մասնակցելու: Ինձ հետ ելույթ է ունենալու Սանկտ Պետերբուրգում ապրող դուդուկահար Կարեն Սարգսյանը: Մեզ հետ հանդես կգա Մարիինյան թատրոնի լարային նվագախումբը՝ դիրիժոր Անտոն Գակկելի գլխավորությամբ»,- նշեց Նովիկովը: Նա ասաց, որ Սարգսյանի հետ ներկայացնելու են նվագախմբի, դուդուկի և ալտի համար հատուկ գրված «Աշուղի ասքը» ստեղծագործությունը, որի հեղինակն է Արամ Խաչատրյանի աշակերտ Գեորգի Պելեցիսը: Վերջինս գործը ստեղծել է հենց Նովիկովի հորդորով:


«Հավանաբար նաև «Դլե յաման» կկատարեմ՝ ներկայացնելով Վաչե Շարաֆյանի ալտի և նվագախմբի համար մշակումը»,- հավելեց նա:


Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաև դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան և ֆլեյտահարուհի Մարիա Ֆեդոտովան:
 

Մարիինյան թատրոնում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կանցկացվի