Կայացավ այ մեծ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանին նվիրված «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» ֆիլմի համացանցային պրեմիերան
webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» ֆիլմը նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանին:
25 տարի առաջ Հարություն Դելլալյանը անժամանակ հեռացավ կյանքից՝ իր ստեղծագործական կարճ ժամանակահատվածում թողնելով ստեղծագործություններ, որոնք հայ երաժշտական արվեստի գանձարանում իրենց ուրույն տեղն ունեն:
Սերված լինելով Հայոց Մեծ Եղեռնը վերապրած գերդաստանից, Մեծ ներգաղթի տարիներին վերաբնակվելով Հայաստանում՝ Հարություն Դելլալյանը համառորեն իր քայլերն արեց դեպի հայ երաժշտություն և իր ստեղծագործություններով ճանաչելի դարձրեց մաքրամաքուր հայ երաժշտությունը՝ լինելով հայ դասական հնչողության մեջ նորարարության կնքահայրերից: Նրա «Նվիրում Կոմիտասին», «Հաղթական Ռեքվիեմ», «Topophono» և այլ ստեղծագործություններ համաշխարհային ճանաչում և հնչողություն ձեռք բերեցին:
Նրա ստեղծագործությունները կատարել են աշխարհահռչակ շատ երաժիշտներ և ստեղծագործողներ՝ այդ թվում և հայազգի երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը, Հասմիկ Պապյանը, Արամ Ղարաբեկյանը, դաշնակահար Արթուր Փափազյանը և այլոք: Դրանք հնչել են Քարնեգի Հոլում, աշխարհի շատ հայտնի բեմերում:
Ֆիլմում Հարություն Դելլալյան մարդու անցած ճանապարհի արժևորումն է, անդրադարձը Դելլալյան կոմպոզիտորին՝ նրա ընտանիքի անդամների, գործընկերների, մտերիմների զգացմունքային պատումներով և Հարություն Դելլալյանի երաժշտությամբ:
Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է Նարեկացի Արվեստի Միությունում: Այսօր ֆիլմի համացանցային պրեմիերան է: Այն միաժամանակ ցուցադրվում է նաև webtv.am,1in.am և համացանցային այլ Մեդիա ռեսուրսներով:










