UWC Դիլիջանի քոլեջում համերգների շարք է մեկնարկում. կայացել է «Մեծ բազար» խմբի համերգը
«Մեծ Բազար» երաժշտական խմբի ելույթով այսօր UWC Դիլիջանի քոլեջում մեկնարկել է համերգների շարքը, որի կազմակերպիչներն են՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը և UWC Դիլիջան քոլեջը: Այս նախաձեռնության նպատակն է Դիլիջանը դարձնել մշակութային միջոցառումների անցկացման հետաքրքիր վայր, ինչպես նաև՝ նպաստել քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը:
Ինչպես հայտնում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից՝ «Մեծ Բազար» երաժշտական խմբի համերգի կազմակերպմանն աջակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: Խումբը միավորում է հայ, թուրք, քուրդ և ֆրանսիացի երիտասարդ երաժիշտների, ովքեր համագործակցում են արվեստում և տարբեր ոճերի երաժշտություն են մատուցում:
Համերգն ունկնդրելու հնարավորություն են ունեցել ո՛չ միայն քոլեջի սաները, այլև՝ Դիլիջան քաղաքի կրթական, մշակութային, համայնքային այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
«Որպես Դիլիջան քաղաքում խոշոր ծրագրեր իրականացնող կազմակերպություն՝ IDeA հիմնադրամը կարևորում է քաղաքի մշակութային կյանքում ամբողջական ներգրավվածությունը և կրթական ու մշակութային տարբեր միջոցառումների անցկացումը: Համերգների շարքն անցկացվում է ո՛չ միայն քոլեջի ուսանողների, այլև՝ քաղաքի կրթական այլ հաստատությունների ներկայացուցիչների և քաղաքի երիտասարդ բնակիչների համար: Մենք փորձում ենք այնպես անել, որ Դիլիջանը դառնա նաև տարբեր մշակութային միջոցառումների անցկացման վայր: Այս առումով, բացի համերգներից, տարվա ընթացքում IDeA-ն նաև հետաքրքիր այլ միջոցառումներ, փառատոններ է նախատեսում կազմակերպել քաղաքում»,-նշել է հիմնադրամի տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը:
Դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութը նույնպես կարևոր է համարել նման միջոցառումների կազմակերպումը. «Հաճելի է հյուրընկալել մի խմբի, որն աչքի է ընկնում ազգային և մշակութային բազմազանությամբ և որը փորձում է երաժշտությամբ միավորել այն երկրները, որոնք քաղաքական առումով ոչ միշտ են գտնվում լավ հարաբերություններում: Սա UWC Դիլիջան քոլեջի առաքելության մի մասն է, և մենք ուրախ ենք, որ տեղի բնակչությունը նույնպես հնարավորություն ունի ներկա գտնվել և վայելել երաժշտական այս միջոցառումը»:
Առաջիկայում դպրոցում տեղի կունենա նաև հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը:










