Կան ընտրագույն պոետներ, բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է լինեն Տերյան, Սահյան, Չարենց, Սևակ. Արքմենիկ Նիկողոսյան

15:07 • 21.03.15

Պոեզիան միշտ պահանջարկ ունի, որովհետև այն ինտիմ ժանր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: Հիշեցնենք, որ մարտի 21-ը պոեզիայի  միջազգային օրն է:


Նա նշեց, որ արտաքուստ շատ է շրջանառվում պոեզիան, ինչը ցույց են տալիս նաև ֆեյսբուքում հաճախ մեջբերումները, լայքերը, սակայն նա նաև գտնում է, որ խորքում խնդիրներ կան, որոնցից մեկն այն է, որ շրջանառվում է ինչ ասես և արժեքայնություն չի ցուցաբերվում:


Արքմենիկ Նիկողոսյանը նկատեց, որ այսօր պոեզիան դասական կանոններով չի ստեղծվում, ինչը դժվարացնում է դրա ընկալումը: «Այսօր ունենք արժեքային պոեզիա, և ուրախալի է, որ կան հատկապես երիտասարդ լավ բանաստեղծներ, որոնք կարող են լավ բարձունքների հասնել: Այսօր իհարկե կան ընտրագույն պոետներ, բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է լինեն Տերյան, Սահյան, Չարենց, Սևակ»,- ասաց նա և նշեց, որ անհնար է լինեն երկրորդ այդպիսիք:


Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ այսօրվա պոետներին ընկալելու համար պետք է ընթերցել գրողի լավագույն ստեղծագործությունները և  ոչ թե ինչ ձեռքներս ընկնի: Ըստ նրա` գլոբալ իմաստով ժամանակակից գրողները ճանաչելիության խնդիր ունեն: «Սակայն մի քանի տարի առաջ այդ խնդիրն ավելի ակնառու էր, իսկ այսօր բավականին ձեռքբերումներ կան այդ ուղղությամբ»,- ասաց նա։

Կան ընտրագույն պոետներ, բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է լինեն Տերյան, Սահյան, Չարենց, Սևակ. Արքմենիկ Նիկողոսյան