Paramount Pictures-ը ֆիլմ կնկարահանի Ագաթա Քրիստիի անհետացման մասին
Paramount Pictures ամերիկյան կինոընկերությունը արկածային ֆիլմ կնկարահանի անգլիացի գրող Ագաթա Քրիստիի մասին:
Ինչպես հաղորդում է Rbc.ru-ն` Deadline-ին հղումով, ֆիլմի սցենարը կգրի Էնի Նիլը, ում հռչակ բերեց նախ և առաջ՝ «Լաս Վեգաս» սերիալը: Նրա վերջին աշխատանքը «Գեղեցկության թագուհի» ֆիլմի սցենարն է, որը դեռևս չի նկարահանվել, սակայն տեքստն արդեն գլխավորել է այսպես կոչված` «Լավագույն սցենարների սև ցուցակը» (The Black List): Այն ամեն տարի կազմում է Ուիլ Սմիթի Overbrook Entertainment պրոդյուսերական ընկերությունը: Ցուցակում տեղ են գտնում լավագույն սցենարները, որոնք դեռ չեն նկարահանվել Հոլիվուդում:
Ագաթա Քրիստիի մասին պատմող ֆիլմի սցենարի հիմքում ընկած է վիպասանուհու` 11 օրով անհետանալու իրական պատմությունը: 1926-ի սկզբին ամուսնու հետ վեճից հետո Քրիստին հեռանում է տնից` նամակ թողնելով իր քարտուղարին: Քրիստիի անհետացումը հնչեղ հանրային արձագանք գտավ: 11 օրվա ընթացքում նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Գտնվեց նրա մեքենան, իսկ օրեր անց հայտնվեց Քրիստին: Պարզվել էր, որ Թերեզա Նիլ անվան տակ նա գրանցվել էր Swan Hydropathic Hotel սպա հյուրանոցում: Իր անհետացումը Քրիստին ոչ մի կերպ չբացատրեց, իսկ բժիշկները նրա մոտ ամնեզիա ախտորոշեցին` պայմանավորված գլխի վնասվածքով:










