Ժերար Դեպարդյոյի մասնակցությամբ ֆիլմը գրաքննության է ենթարկվել ԱՄՆ-ում

15:15 • 22.03.15

Աբել Ֆերարայի «Բարի գալուստ Նյու Յորք» ֆիլմի շուրջ սկանդալը, որտեղ գլխավոր դերը կատարել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն, ավարտվել է. ամերիկյան վարձույթում այն կթողարկվի մարտի 27-ին՝ կրճատված տարբերակով։


Ռեժիսորը կարծում է, որ արված փոփոխությունները ոչ միայն անտեղի են, այլև խեղաթյուրում են ֆիլմի իմաստը, փոխանցում է filmpro.ru-ն։


Ամերիկյան վարձույթում ֆիլմը թողարկող IFC Films ընկերությունը հայտարարություն է տարածել, որում բացատրել է իր դիրքորոշումը ֆիլմի հետ կապված սկանդալում։ Նրանում ասվում է, որ Աբել Ֆերարային առաջարկվել է մասնակցել ֆիլմի վարձույթային տարբերակի ստեղծմանը, սակայն նա ոչ մի կերպ չի արձագանքել։


«Բարի գալուստ Նյու Յորք» ֆիլմը մի մարդու մասին է, ում նախատիպն է դարձել ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ Դոմինիկ Ստրոս Կանը։ Նրան կործանում է օրգիաների հանդեպ սերը։ Նյու Յորքի հյուրանոցներից մեկի աշխատակցուհին նրան դատի է տալիս բռնաբարության համար, ինչն էլ կործանում է Կանի կարիերան։


Ֆիլմից հանված է 17 րոպե։ Հեռացվել են որոշ տեսարաններ, որոնք, Ֆերարայի կարծիքով, կարևոր են սյուժեի համար։ Կտրված է կարևոր երկխոսություն քաղաքական գործչի մասին, իսկ հյուրանոցում օրգիաների տեսարանը կրճատված է մինչև մի քանի կադրի։


 

Ժերար Դեպարդյոյի մասնակցությամբ ֆիլմը գրաքննության է ենթարկվել ԱՄՆ-ում