«Մեծ Բազար» բազմազգ խումբը ելույթ է ունեցել Գյումրիում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, մարտի 22-ին Գյումրիում ելույթ է ունեցել «Մեծ Բազար» խումբը:
«Մեծ Բազար» խումբը կազմավորվել է Փարիզում՝ 8 երաժիշտների հանդիպման արդյունքում: Խումբը նվագում ու երգում է ինչպես Բալկանների, Կովկասի, Անատոլիայի և այլ շրջանների ավանդական ու ազգային, այնպես էլ իր սեփական ստեղծագործությունները: Խումբը Հայաստանում, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հանդես է եկել նաև Դիլիջանում, իսկ ուրբաթ օրը հանդես կգա Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես միշտ, Գյումրիում էլ խումբն առաջարկել է Միջին Արևելքի հարվածային եղանակները և տարբեր ծագում ունեցող փարիզյան ձայներ՝ /հայկական, ֆրանկո-ամերիկյան/ միաձուլված կովկասյան, ասիական ժողովրդական երաժշտությանը. տարբեր ժանրեր, տարբեր ազգեր ու տարբեր լեզուներ՝ իսկական «բազար»՝ համեմված մշակութային բազմերանգ ու կլանող համադրությամբ:
«Առաջին անգամ Գյումրիում հանդես եկանք: Չէինք պատկերացնում, թե այսքան ջերմ ընդունելության կարժանանանք: Սկզբում մտածում էինք, որ մի քանի մարդ կգա, բայց ամբողջ դահլիճը լիքն էր, հաճելի էր շատ, լավ անակնկալ էր, որ այստեղ էլ սիրում են մեր երգերը: Մեր խումբը բազմազգ է՝ հայ, արաբ, թուրք, ֆրանսիացի, բոսնիացի, ամերիկացի, բայց երաժշտությունն ազգություն չունի, երաժշտությունը սահման չունի: Երգում ենք տարբեր լեզուներով ու փորձում մեր ուրախությունը փոխանցել մեր հանդիսատեսին. սա է մեր նպատակը: Մե ք քաղաքականություն չենք քարոզում, երաժշտությունն ու ընկերությունն են մեզ համար կարևոր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է խմբի անդամ Սևանա Չակերյանը՝ հույս հայտնելով, որ խումբը շատ շուտ կվերադառնա Գյումրի:
«Այս խումբն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, առաջին անգամ Հայաստան էին եկել անցած ամռանը, բայց Գյումրիում առաջին անգամ են: Այս տարի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, որոշվեց հրավիրել հենց այս խումբը՝ ցույց տալու համար այն բազմազանությունը, որ կա Ֆրանսիայում, իսկ դա լավագույնս ներկայացված է խմբի երգացանկում»,-«Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային և համագործակցության ծառայության համագործակցության պատասխանատու Ալիս Լինան:










