Թուրքիայում մզկիթի վերականգնման ընթացքում ուղղափառ եկեղեցի է հայտնաբերվել (լուսանկարներ)

13:42 • 23.03.15

Զարմանալի դեպք է տեղի ունեցել Թուրքիայում. Ալաթսաթա (ներկայում՝ Ալաչաթը) շրջանի մզկիթներից մեկում վերականգնողական աշխատանքների ժամանակ ուղղափառ եկեղեցի է հայտնաբերվել։ Դա մեծ սկանդալ է առաջացրել թուրքական մամուլում, գրում է pravoslavie.ru-ն՝ հղում անելով հունական Romfea կայքին։

 

Դեպքը տեղի է ունեցել Իզմիր նահանգի Ալաչաթը շրջանում, որը նախքան Փոքրասիական աղետը և 1923-ին բնակչության փոխանակումը՝ հունական ծաղկող քաղաք է եղել։

 

Երբ քաղաքում հույներ են ապրել, այստեղ եղել է Սբ Կոնստանտինոսի վանքը։ Թուրքերը նրանում մզկիթ են կառուցել։ Այժմ շենքի անմխիթար վիճակի պատճառով տեղի իշխանությունները հանձնարարել են մի ընկերության վերականգնման աշխատանքներ իրականացնել։

 

Սակայն թուրքական ընկերությունը սկսել է շենքի նախնական տեսքի վերականգնումը։ Մզկիթի փոխարեն ստացվել է, ըստ էության, ուղղափառ եկեղեցի, ինչպիսին եղել է նախկինում։

 

Թուրքական NTV հեռուստաալիքով ցուցադրված հոլովակը բավականին տպավորիչ է եղել։ Աշխատակիցները և մասնագետները զգուշությամբ հանում են տարբեր խաչեր, որոնք թաքնված են եղել եկեղեցու սյուներում։

 

Այս հրաշալի պատմությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է Բյուզանդիայի ուղղափառ ոգին շարունակում ապրել նույնիսկ 100 տարի անց՝ այս վայրերից ուղղափառ բնակչության ողբերգական կերպով հեռանալուց հետո, գրում է աղբյուրը։

 

Թուրքիայում մզկիթի վերականգնման ընթացքում ուղղափառ եկեղեցի է հայտնաբերվել (լուսանկարներ)