Չիկագոյում բնակվող հայ նկարչուհին կտավ է ստեղծել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

17:52 • 24.03.15

Չիկագոյում բնակվող հայազգի նկարչուհի Ջեքի Ղազարյանը ստեղծել է կտավ, որով ցանկանում է հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և մեծարել մշակույթը. գրում է Голос Америки կայքը։


Ցանկանալով, որ որքան հնարավոր է շատ մարդ իմանա այդ ողբերգության և հայերի մշակույթի մասին, նկարչուհին որոշել է ստեղծել խոշոր կտավ, այսպես կոչված, «Նախագիծ 2015»-ի շրջանակում։


Ղազարյանի՝ «Հայաստան» խորագրով կտավն առաջին անգամ կցուցադրվի Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանում ապրիլի 17-ից մայիսի 29-ը։


Կտավում պատկերված է կիսաաբստրակտ լանդշաֆտ՝ ծածկված հին հայկական քարտեզների ու ճարտարապետական կոթողների պատկերներով ու տեսարաններով։ Դրանց միավորում են ժանյակները, որոնցից գործել է նաև Ղազարյանի տատիկը...


Իր աշխատանքում նկարչուհին հիմնվել է Պաբլո Պիկասոյի «Գերնիկա» կոչվող կտավի վրա, որը ներկայացնում է իսպանական գյուղի ռմբակոծությունները Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ղազարյանի կտավն ունի նույն չափերը, ինչը որ Պիկասոյի նկարը՝ 3.5x8 մետր։


«Ոչ ոք չէր իմանա, թե ինչ է տեղի ունեցել Գերնիկայում, եթե չլիներ այդ կտավը»,- ասել է Ղազարյանը։

 

Չիկագոյում բնակվող հայ նկարչուհին կտավ է ստեղծել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի