Հայ երգիչ-երգչուհիները Ռիգայում կմասնակցեն միջազգային վոկալ մրցույթի
Հայ երգիչ-երգչուհիներն այս տարի կմասնակցեն Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Յազեպս Վիտոլսի (Jāzeps Vītols) 4-րդ միջազգային վոկալ մրցույթին: Հունիսին անցկացվող այդ իրադարձությանը մեր երկիրը կմասնակցի բավականին ներկայացուցչական կազմով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ալտահար Մաքսիմ Նովիկովը:
«Ամեն ինչ սկսվեց նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստան հրավիրեցի Ռիգայի օպերային թատրոնի նախկին տնօրենին, ում հետ նախագիծ պետք է իրականացնեինք, և շատ հայ երգիչ-երգչուհիներ լսումների մասնակցեցին: Ես չգիտեի, որ այսքան տաղանդներ կան մեր երկրում...Ռիգայում էի և բացահայտեցի, որ այնտեղ 2015 թվականի հունիսին մրցույթ է անցկացվելու, և միտք հղացավ՝ իսկ ինչո՞ւ Ցեղասպանության 100-ամյակի տարում այնպես չանենք, որ հնարավորինս շատ հայ մասնակիցներ լինեն այդ մրցույթում»,-ասել է Մաքսիմ Նովիկովը:
Հայաստանից մրցույթի առաջին փուլին կմասնակցեն սոպրանոներ Տաթևիկ Աշուրյանը, Արմինե Խաչատրյանը, Քրիստինե Սաֆարյանը և Արմինե Վարդանյանը, տենորներ Արման Նիկոլյանը, Տիգրան Օհանյանը, Հայկ Թոնգուրյանը, բասեր Սերգեյ Սարգսյանը և Հայկ Տիգրանյանը:
Իսկ Ռիգայի մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցելու են 26 երգիչ-երգչուհի Լատվիայից, Հայաստանից, Լիտվայից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելառուսից, Նորվեգիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից:
Մրցութային առաջին փուլըտեղի կունենա հունիսի 14-ին, եզրափակիչը՝ հունիսի 19-ին:
Ժյուրին գլխավորում է աշխարհի ամենահայտնի օպերային երգչուհիներից մեկը`Մայա Կովալևսկան: Ժյուրիի կազմում են բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ:
Երգիչ-երգչուհիները կմասնակցեն նաև միջազգային սեմինարի: Այժմ հայ մասնակիցներն ակտիվ կերպով պատրաստվում են իրադարձությանը, հաղթելու ցանկությունը մեծ է:
Jāzeps Vītols միջազգային վոկալ մրցույթն այդպես է կոչվել լատվիացի կոմպոզիտոր, քննադատ և երաժշտական գործիչ Յազեպս Վիտոլսի անունով:










