Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված Դիրիժոր Զավեն Վարդանյանի 70-ամյակին
Այս տարի նշվում է տաղանդավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բազմաթիվ յուրահատուկ երաժշտական փառատոների հիմնադիր, իր ուրույն մեկնաբանությունների շնորհիվ երաժշտասեր հասարակայնության կողմից սիրված Զավեն Վարդանյանի 70-ամյա տարեդարձը:
Մարտ 29-ին` ժամը 19:00-ին Կոմիտասի Կամերային Երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Մենակատարների պետական անսամբլի միասնական հոբելյանական համերգ նվիրված` Զավեն Վարդանյանի 70-ամյակին:
Դիրիժոր Զավեն Վարդանյանը ծնվել է 1945-ի հունվարի 15-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում:
1947-ին ընտանիքի հետ հայրենադարձվել է: 1975-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: Դիրիժորի կարիերան սկսվել է 1975-ին, երբ հիմնել է Ժամանակակից երաժշտության անսամբլը, որը ղեկավարել է մինչև 1979-ը: 1979-90թթ.. հիմնել և դարձել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, այնուհետ՝ 1992-1994թթ.. ՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1994-1998թթ.Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր:
2003-07թթ Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է տեղի համալսարանում և ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը: Պարգևատրվել է մի բազմաթիվ մեդալներով, պարգևներով: 2009թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:
2008-ից հիմնել և առ այսօր ղեկավարում է Մենակատարների պետական անսամբլը:










