Հայկոն շարժիչն էր, իսկ Մկոն գեղեցիկ մեքենան էր, իսկ ինձ բախտ էր վիճակվել ուղևորի դերում հանդես գալ. Հովհաննես Ազոյան
Ես միշտ համարել եմ, որ Հայկոն շարժիչն էր, իսկ Մկոն գեղեցիկ մեքենան էր, իսկ ինձ բախտ էր վիճակվել ուղևորի դերում հանդես գալ և այդ մեքենան նստել: Այս մասին այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին ասաց արտիստ Հովհաննես Ազոյանը` անդրադառնալով Հայկոյի և Մկոյի համագործակցության դադարեցմանը:
Ինչ վերաբերում է իր և Հայկոյի հարաբերություններին, ապա նա ասաց, որ Հայկոյի հետ երեկ է խոսել: «Հիմա այնպիսի էտապ է, որ Հայկոն ու Մկոն իրար հետ չեն աշխատում: Ես Հայկոյին խելացի մարդ եմ համարում, քաղաքացիական հետարքրքիր հասունացման փուլում է գտնվում: Ինձ զարմացրեց, որ ինքը որոշեց այդպիսինը լինել, ես չէի սպասում, որ ինքը մի օր այդպիսինը կլինի, ինձ դուր է գալիս, առողջ է մտածում»,- ասաց նա:
Ամեն դեպքում Հովհաննես Ազոյանը ցավում է, որ Հայկոն և Մկոն այլևս չեն համագործակցում: «Ես կցանկանայի, որ համագործակցեին, սակայն դա իմ ձեռքում չէ, ոչինչ չեմ կարող անել»,- ասաց նա:
Նա նշեց, որ ստեղծագործ մարդու համար գալիս է մի պահ, որ ճաշակները, պատկերացումներ են փոխվում: «Մանավանդ ստեղծագործող մարդը սիրում է ճախրել ազատ, մենակ: Թող ազատ ճախրեն, կարծում եմ, որ մի օր կհամագործակցեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է EREV1 նախագծին, ապա նա ասաց, որ սկզբից այն լավ նախագիծ էր համարում, իսկ հետագայում վատ` և դա էր պատճառը, որ դուրս եկավ:
«Այն ժամանակ երիտասարդ էի, շատ բան չէի հասկանում: Հետո հասունացավ պատասխանատվության զգացումս և որոշեցի դուրս գալ: Հիմա անճաշակ բան փորձում եմ չանել»,- ասաց նա և խնդրեց, որ ֆիլմերում գռեհիկ բառեր չկիրառվեն, քանի որ դա հին է և տգեղ:










