Թատերական գործիչները 10 տարի է՝ սպասում են թատրոնի մասին օրենքին. այսօր Թատրոնի միջազգային օրն է

12:09 • 27.03.15

Թատերական գործիչներն ավելի քան տասը տարի սպասում են թատրոնի մասին օրենքին: 2004թ.-ից շրջանառության մեջ դրված թատրոնի մասին օրենքի նախագիծն այդպես էլ օրենքի ուժ չի ստանում, և վերջին տարբերակում նախագիծն արդեն կոչվում է «Թատրոնի և թատերական գործունեության մասին»:


«Շատ վատ է, որ այսքան երկարում է՝ տասը տարի և ավելի, բայց բաներ կան, որ մնում է այսպես ասել՝ ուշ լինի, նուշ լինի: Սա պետք է անել, որովհետև թատրոնի մասին օրենքը շատ կարևոր է» ,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը՝ Tert.am-ի հետ մարտի 27-ի՝ Թատրոնի միջազգային օրվա առիթով զրույցում:


Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ Tert.am-ի հետ զրույցում թատրոնի մասին օրենքի վերաբերյալ հայտնեց, որ օրենքը պետք է, որպեսզի կանոնակարգվի, թե որն է թատրոնը և ինչ գործունեությամբ զբաղվող ընկերությունները չպետք է և չեն կարող կոչվել թատրոն: Եթե սա օրենքով կանոնակարգվի, ուրեմն օրենքն իմաստ կունենա:


«Այսօր «թատրոն» տերմինն օգտագործվում է ամեն ինչի վրա, անգամ թատրոնի հետ կապ չունեցող երևույթների վրա: Բանն այն է, որ թատրոնը դրամատուրգիական երևույթ է, և եթե այն, ինչով դու զբաղվում ես, դրա մեջ դրամատուրգիա չկա, ապա այն չի կարող լինել թատրոն: Պարը պար է, երգը՝ երգ, թատրոնն էլ՝ թատրոն: Եթե ուզում եք երգող թատրոն, դա օպերան է, եթե պարող թատրոն, բալետ գոյություն ունի: Հիշում եմ, որ երբ տասը տարի առաջ օրենքը քննարկվում էր, այնտեղ չկար դրամատուրգիա բառը, բայց այդ սկզբունքը պետք է լինի առաջնային»,- ասաց Ժիրայր Դադասյանը:


Գնահատելով հայկական թատրոնների ներկայիս վիճակը, Ժիրայր Դադասյանն ընդգծեց. «Ինչպիսին պետք է լինի հայկական թատրոնը, եթե միակ ազգային թատերական տեսակը հանդիսացող մնջախաղի ժանրի պետական թատրոնը տարածք չունի: Եթե այս պարզունակ բանը ոչ մեկին հետաքրքիր չէ, ուրեմն ես չեմ կարող որևէ դատողություն անել, թե ինչպիսին է այսօր մեր թատրոնների վիճակը»:


Տիգրան Ներսիսյանն այն թատերական գործիչների թվին չի պատկանում, ովքեր պնդում են, որ պետության կողմից թատրոնի նկատմամբ վերաբերմունք չկա:


«Ես աշխատում եմ մայր թատրոնում, որը գտնվում է պետության հովանու ներքո, և, ի դեպ, պետք է ասեմ, որ Հայաստանն աշխարհի շատ երկրներից առանձնանում է նաև նրանով, որ մեր երկրում շատ-շատ են պետական թատրոնները»,-արձանագրեց Տիգրան Ներսիսյանը:


Վերջինս, հակառակ որոշ կարծրատիպերի, գտնում է, որ հայաստանյան հասարակությունը թատրոն սիրող հասարակություն է:


«Հաճախելիության մասին կարող եմ հայտնել ուղղակի օրինակով, որ երբ խոսքը պրեմիերայի մասին չէ, այլ տարիներ ի վեր` 15-25 տարի խաղացվող ներկայացման, ապա հնարավոր չէ դրանք 15-20-25 տարի խաղալ ու հանդիսատես չլինի: Այսինքն` ներկայացումը դիտի 50 մարդ, և դու կարողանաս պահել այդ ներկայացումը:  Օրինակ` Լևոն Շանթի «Հին աստվածները» մենք խաղում ենք արդեն 16 տարի: Ասածս այն է, որ հաճախելիությունը կա, բայց, իհարկե, դժվարությամբ, այն առումով, որ ադմինիստրացիան շատ մեծ ճիգեր է գործադրում»,- ասաց նա։


Տիգրան Ներսիսյանն այստեղ տեսնում է նաև սոցիալական գործոն: Այսինքն՝ թեև մեր թատրոնների տոմսերը շատ թանկ չեն, բայց ամեն դեպքում ամբողջ ընտանիքով թատրոն գալու համար հայ մարդու համար արդեն դժվարություն է ստեղծվում: Ինչ վերաբերում է պրեմիերաներին, ապա Սունդուկյանում ամեն տարի 2 պրեմիերա է լինում:


Տիգրան Ներսիսյանը վատ չի համարում այն, որ մայրաքաղաքի թատերական աֆիշները, որոնք վերաբերում են Սունդուկյանի, դրամատիկական թատրոնների խաղացանկերին, որոշ դեպքերում 25-30 և ավելի տարիներ մնում են:


«Թատրոններում ներկայացումները մարդու նման են: Այ, մարդուն ոնց է տրված, մեկն ապրում է 40 տարի, մյուսը`65 տարի, մյուսը` 55: Ինչպես մարդու կյանքը` այնպես էլ ներկայացումները, մի ներկայացում կա, որ մեկ տարուց ավելի չի դիմանում, ներկայացում կա, որ սերունդներ են փոխվում, բայց ինքը մնում է»,-ասաց նա։


Որպես ասվածի  լավագույն օրինակ` Տիգրան Ներսիսյանը բերեց Վախթանգովի «Արքայադուստր Տուրանդոտը», որում խաղացել է մի քանի դերասանական սերունդ:


Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը թատրոնի մասին օրենքի անհրաժեշտություն չի տեսնում, եթե այն տեսքով է մնացել, որին ինքն է ծանոթ։


Նրա գնահատմամբ՝ այսօր մեր թատրոնը երկու հիմնական խնդիր ունի: Առաջինը՝ ստեղծագործական խնդիրն է, «ժամանակակից, հետաքրքիր, խորը, պահանջված և տաղանդավոր լինելը», երկրորդը` կազմակերպչական, թե ինչպես անել, որ այդ ամենը կարողանա արտահայտվել։ Վերջինի մեջ է մտնում է նաև կրթական համակարգը:


«Թատրոնի կազմակերպչական բնույթը մնացել է սովետական, և ստեղծագործական, բեմադրական ծախսերը ոչնչով չեն տարբերվում այլ ոլորտների գործունեությունից»,- ասաց արվեստի վաստակավոր գործիչը։


Ըստ նրա՝ պետք է գտնել երիտասարդ տաղանդներ, բացել նրանց համար ճանապարհ, բացել բոլոր հնարավորությունները։ «Որովհետև ոչ ոք չգիտի, թե մարդուն տաղանդը որքան ժամանակով է տրված»,-ասաց նա և կարևորեց, որ այդ երկու տեսակի խնդիրները լուծվեն միասին:


Ռուբեն Բաբայանի բանաձևն է՝ կազմակերպչականը պետք է օժանդակի ստեղծագործականի բացահայտմանը։ Նա նաև շատ կարևոր համարեց, որ հայաստանյան ստեղծագործությունները համապատասխանեն 21-րդ դարին, երիտասարդները ստանան համապատասխան մասնագիտական կրթություն, ունակություններ։


«Թատրոնը մի ասպարեզ է, որը մշտապես պետք է լինի ժամանակակից, դերասան լինելը մի ստեղծագործական ոլորտ է, որն ունի շատ կարճ կյանք: Նա շատ վառ է արտահայտվում, մեծ հեղինակություն է ձեռք բերում, բայց շատ կարճ ժամանակի մեջ»,- ասաց նա:


Ռուբեն Բաբայանը նաև նշեց, որ բացի այն, որ պետք է ստեղծել բոլոր հնարավորությունները, որ այդ ստեղծագործությունները լինեն լիակատար, պետք է նաև կարողանալ հասնել հանդիսականին։ Թեև խնդիրները շատ են, սակայն նա կարծում է, որ եթե նպատակը ճիշտ է դրված, ապա կարելի է փորձել հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներով լի ճանապարհը:


«Խնդիրը պետք է լինի մեկը՝ ստեղծել բարձրորակ գեղարվեստական ստեղծագործություն և ստեղծել պայմաններ, որպեսզի բարձրորակ գեղարվեստական ստեղծագործությունն ունենա իր հանդիսատեսը և լավագույնս ներկայանա ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ից դուրս»,-ասաց նա:


Նշենք, որ որպես կանոն, հայաստանյան ռեպերտուարային  թատերական խաղացանկերում ներառված են հայ և օտար դասականներից մինչև ժամանակակից հեղինակներ՝ օտար և հայ դրամատուրգներ:
 

 


 

Թատերական գործիչները 10 տարի է՝ սպասում են թատրոնի մասին օրենքին. այսօր Թատրոնի միջազգային օրն է