Ռուսաստանն անգամ չի ցանկանում մտածել, որ ԼՂ հակամարտությունը «թեժ փուլ» կմտնի. Լավրով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ կողմերից ոչ ոք չի ցանկանում, որ հակամարտությունը «թեժ փուլ» մտնի։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո։
«Մենք անգամ չենք ցանկանում մտածել, որ հակամարտությունը «թեժ փուլ» կթևակոխի։ Համոզված եմ, որ չնայած հռետորաբանությանը, շահագրգիռ կողմերից և ոչ ոք դա չի ցանկանում։ Մեր ջանքերն ուղղված են հնարավորինս արագ ընդունելի լուծում գտնելուն»,- ասել է նա։
Ռուս նախարարը նշել է, որ այդ հարցի շուրջ շփումները պարբերաբար շարունակվում են։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները հաճախ են այցելում տարածաշրջան, ներառյալ՝ Հայաստանի ու Ադրբեջանի մայրաքաղաքներ և շփման գիծ։ Համանախագահող երկրների նախագահները հատուկ ուշադրություն են դարձնում հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը»,-ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ անցյալ տարի ՌԴ նախագահը հատուկ քայլեր էր ձեռնարկել, որոնց արդյունքում շարունակվում են քննարկումները։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության Նախագահների եռակողմ հանդիպումը կայացել էր նախորդ տարվա օգոստոսին, Սոչիում։










