Իրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg
Իրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են ավելի մասշտաբային դառնալ, քան նախորդները, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրանական իշխանությունների ներկայացուցչին, հաղորդում է Ինթերֆաքս-ը։
«Պաշտոնյան ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր ռմբակոծություններին, հնարավոր է՝ ավելի խոշոր, քան նախկինում, սակայն ունի պատասխան տալու հնարավորություններ», - տեղեկացնում է գործակալությունը:
Նրա զրուցակիցն ընդունել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները, ծովային շրջափակումը շատ լուրջ բարդացնում են Իրանի տնտեսական իրավիճակը, սակայն երկիրը հարմարվում է այդ իրողություններին:
Bloomberg-ը հիշեցնում է, որ Իրանի համար ճնշման կարևորագույն լծակ է մնում Հորմուզի նեղուցի փակումը: Սակայն, ինչպես ավելի վաղ պնդում էին ԱՄՆ իշխանությունները, մի շարք ԶԼՄ-ներ և դիտորդներ, Թեհրանի վերահսկողությունը նեղուցի նկատմամբ թուլանում է:
Այսպես, Bloomberg-ը հավաքել է տվյալներ, որոնց համաձայն՝ Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արտահանումն աճել է օգոստոսին օրական 3,4 միլիոն բարելից մինչև սեպտեմբերին օրական 6,1 միլիոն բարել: JPMorgan ֆինանսական կոնգլոմերատը գնահատում է, որ Մերձավոր Արևելքից այժմ օրական մատակարարվում է 17,5 միլիոն բարել՝ 98%-ը այն մակարդակի, որը նկատվում էր նախքան 2026 թվականի փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը:
Ավելի վաղ Bloomberg-ը նաև պնդում էր, որ իր հերթին Իրանը սեպտեմբերին հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ նավթ չի բարձել տանկերների վրա: Սակայն շարունակվում են այս ռեսուրսի մատակարարումները Չինաստանին: Նաև իրանական իշխանությունները վերաուղղորդել են առևտրային հոսքերը Կասպից ծովով, ցամաքային ճանապարհներով: Բայց սեպտեմբերին հաղորդագրություններ էին ստացվում Թուրքիայի և Պակիuտանի հետ Իրանի սահմանների անցակետերում ուշացումների մասին:
Axios պորտալը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականները խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելու հետագա քայլերը Իրանի դեմ պատերազմի և Սաուդյան Արաբիայի ու Եմենում հուսիների միջև հակամարտության կապակցությամբ:
Փակուղի մտած բանակցությունների ֆոնին Թրամփը դիտարկում է Իրանի դեմ մասշտաբային ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:
«Այժմ ես պետք է որոշում կայացնեմ․ կամ Իրանը գործարք է ստորագրում, կամ այն այլևս գոյություն չի ունենա», - հայտարարել է նա հինգշաբթի օրը:











