Սպերցյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն․ հայտնի է, թե որ հանդիպմանը կարող է մասնակցել Հայաստանի հավաքականի առաջատարը

17:30 • 16.11.26

Սաուդյան «Ալ-Ահլիի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է վնասվածքից ապաքինման գործընթացը և արդեն սկսել է ֆիզիկական վարժություններ կատարել մարզասրահում։

Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստը շատ մոտ է թիմի ընդհանուր խմբի մարզումներին վերադառնալուն։

Ինչպես տեղեկացնում են «Ար-Ռիյադիա» և «Yalla Shoot» պարբերականները, Սպերցյանի վերականգնողական փուլը մոտենում է ավարտին։ Այս ընթացքում կիսապաշտպանն ապաքինման կուրս է անցել Հայաստանի ազգային հավաքականի բժշկական շտաբի անմիջական հսկողությամբ՝ սաուդյան ակումբի հետ նախապես համաձայնեցված անհատական ծրագրով։

Օրերս «Ալ-Ահլիի» մամուլի ծառայությունը նաև լուսանկարներ է հրապարակել մարզասրահից՝ փաստելով, որ ֆուտբոլիստն արդեն անցել է ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ աշխատանքների։

Սկզբնական շրջանում մտավախություն կար, որ Սպերցյանը վնասել է աքիլեսյան ջիլը, ինչի հետևանքով կարող էր խաղադաշտից բացակայել մինչև մեկ ամիս։ Սակայն նոյեմբերի 6-ին «Ալ-Ահլին» հանդես եկավ պաշտոնական բժշկական հայտարարությամբ՝ հստակեցնելով, որ հայ կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ազդրի մերձեցնող մկանի վնասվածք։

Արդեն նոյեմբերի 12-ին մի շարք հեղինակավոր աղբյուրներ («Akhbaar24», «Al Shorouk», «Al Masry Al Youm») հայտնեցին, որ ֆուտբոլիստի ապաքինումն ընթանում է արագ տեմպերով։

Սպասվում է, որ հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից անմիջապես հետո Սպերցյանը կմիանա «Ալ-Ահլիի» ընդհանուր խմբին։

Արաբական մամուլում որպես հայ կիսապաշտպանի վերադարձի հավանական թիրախ նշվում է նոյեմբերի 20-ին կայանալիք «Ալ-Նասրի» դեմ սկզբունքային հանդիպումը։ Այդուհանդերձ, Սպերցյանի մասնակցությունն այդ խաղին դեռևս վերջնականապես հաստատված չէ․ ամեն ինչ կախված կլինի առաջիկա օրերի բժշկական ստուգումների արդյունքներից և մարզչական շտաբի որոշումից, երբ ֆուտբոլիստը լիարժեք մարզումներ անցկացնի թիմի հետ։

Աղբյուրը`ArmSport.am