Մեկը հիփոթեք ունի, մեկը՝ հիվանդ մայր. 44-օրյայի մասնակից ունենք, ոչ մի բան հաշվի չառան, հանեցին գործից. «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի նախկին աշխատակից
Երբ նոր կառավարիչները եկան, մեզ ոսկե սարեր էին խոստանում, ասում էին՝ ամեն ինչ լավ կլինի, այնինչ եղավ ճիշտ հակառակը, Կառավարության դիմաց, բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի նախկին աշխատակիցը:
«Ասացին՝ դիմում գրիր, գործից ազատվի, ասացի՝ ինչո՞ւ, ես արդեն 16 տարի է՝ այստեղ եմ աշխատում: Պատճառաբանում են, թե աշխատավարձի, ինչ-որ ֆոնդի կրճատում են անում, աշխատողներին կրճատում են, բարեփոխում են անում, ասում ենք՝ մեր հաշվի՞ն եք անում այդ բարեփոխումները, բա՝ դե հա, այդպես է, մենք ենք եկել, մենք ենք որոշում հիմա, թե ինչ անենք»,-ասել է նա:
Նախկին աշխատակիցը հավելել է, որ փոխարենն ընդունել են աշխատակիցների, ովքեր, ըստ նրա, գործից անտեղյակ են, հարցրել են՝ ինչո՞ւ են այդ աշխատակիցներին բերել իրենց փոխարեն, որին ի պատասխան նշել են՝ իրենք կգան, 150,000-ով կաշխատեն։
«Երբ պարոն Ծառուկյանն էր սեփականատերը, մենք նման խնդիրներ չունեինք, մենք մեր գործը պատշաճ անում էինք, պարոն Ծառուկյանն էլ պատշաճ մեզ վճարում էր։ Հիմա նոր կառավարիչները եկել են, իրենց կանոններն են թելադրում:
Տեսնում եք՝ թելադրանքի արդյունքն ինչ է, նոյեմբերի կեսն է, դիմացը՝ ձմեռ, մարդիկ անգործ են մնացել, մեկը հիփոթեք ունի, մեկը հիվանդ մայր ունի, 44-օրյա պատերազմի մասնակից ունենք այստեղ, ոչ մի բան հաշվի չառան»-մանրամասնել է «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի նախկին աշխատակիցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:











