Կալլասը այսօր Նիկոլից Զելենսկի է «փչում», Զելենսկի է պատրաստվում երկրորդ ճակատ բացելու համար. Արամ Մանուկյան

16:43 • 16.11.26

Կալլասը այսօր Նիկոլից Զելենսկի է փչում, Զելենսկի է պատրաստվում երկրորդ ճակատ բացելու համար: Այս մասին ԱԺ լսումների ժամանակլ իր ելույթում նշել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական հնարավոր վերաբաժանումների համատեքստում։

«Ժողովրդավարության հետընթացը Հայաստանում, անշուշտ, հայաստանյան գործընթաց է, սակայն դրա վրա էական ազդեցություն ունի նաև արտաքին բաղադրիչը։ Հայաստանի իշխանություններին տրված է քարտ-բլանշ՝ արա ինչ ուզում ես, մենք աչք ենք փակելու Հայաստանի ժողովրդավարացման խայտառակ գործընթացի, ժողովրդավարության կորստի գործընթացի վրա և պահելու ենք իշխանությունը այնքան, ինչքան դու պատրաստ ես լինելու գործիք։ Այստեղ է գաղտնիքը։ Փաշինյանը համաձայնվել է այդ դերին, այն դերին, որում ժամանակին համաձայնել էին լինել Սահակաշվիլին, հետո՝ Զելենսկին։ Կալլասն այսօր Նիկոլից Զելենսկի է փչում, Զելենսկի է պատրաստվում երկրորդ ճակատ բացելու համար։ Սա է խնդիրը»,– նշել է Արամ Մանուկյանը։

Մանուկյանը, անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին, նշել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանը կարող է ներքաշվել տարածաշրջանային ավելի լայն հակամարտության մեջ։

Նրա համոզմամբ՝ հենց այս հանգամանքն է լինելու քաղաքական կոնսոլիդացիայի հիմնական նպատակը։

«Ինքնիշխանությունը, սրանց ասած բառերը, այդ փուչ խոսակցությունները, կաթողիկոսի պրոբլեմը, Հռչակագրի հակապետական լինելը՝ խնդիրը այստեղ չէ, ամենևին։ Էլ չեմ ասում այն բոլոր մեյմունությունները, որ տեսնում ենք այս դահլիճում, դահլիճից դուրս, և որոնց մեջ ընդգրկվում ենք, մխրճվում այդ վեճերի մեջ։ Խնդիրը լրիվ ուրիշ տեղ է։ Հայաստանին փորձում են տալ ուրիշ առաքելություն, ուրիշ ֆունկցիա, միջազգային ֆունկցիա, և մենք գնում ենք դրան»,– ասել է ՀԱԿ փոխնախագահը։

Նա հիշեցրել է Վանո Սիրադեղյանի միտքը՝ նշելով, որ մեծ ազգերի կռվադաշտում փոքր ազգերը անելիք չունեն, սակայն, իր գնահատմամբ, Հայաստանը չի ընդունում այդ մոտեցումը և փորձում է ներքաշվել այդ հակամարտությունների մեջ։

Անդրադառնալով ձևավորվող քաղաքական համագործակցությանն ուղղված քննադատություններին՝ Մանուկյանը հակադարձել է այն պնդումներին, թե նոր քաղաքական միավորումը ռուսական գործիք է։

«Այ փսլնքոտներ, դուք ո՞ւր էիք, որ մենք ժողովրդավարության կղզի էինք, ո՞ւր էիք, որ մենք եվրոպական ընտանիքի անդամ էինք։ 2010 թվականից ես եմ եղել, եվրոպական լիբերալների ընտանիքի լիիրավ անդամ դարձանք։ Ո՞ւր էիք, երբ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները հրաշալի էին, Եվրոպայի հետ՝ հրաշալի, և երբեք ոչ գործիքային։ Սա է մեր այսօրվա մարտահրավերը։ Դուք դեռ շալվար չէիք հագնում, մայկա՝ «բուլավկով», հիմա եկել եք մեզ դասեր եք տալիս և սովորեցնում՝ որն է ռուսամետը, որը՝ եվրոպամետը։ Ո՞ւր էիք, ո՞վ եք դուք»,– հայտարարել է նա։