Ժիրինովսկու կուսակցությունում կարծում են, որ Հայաստանը կհաղթի «Եվրատեսիլ» մրցույթում
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում, որի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել երեկ, կհաղթի Հայաստանը կամ մերձբալթյան երկրներից որևէ մեկը, ասել է Ռուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության անդամ, Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Դիդենկոն։ Նման խոսքերով է նա սկսել Պետդումայի հերթական նիստերից մեկը, գրում է rusnovosti.ru-ն։
«Կհաղթի կա՛մ ռուսատյացը՝ Մերձբալթյան կամ Արևելյան Եվրոպայի երկրներից մեկի ներկայացուցիչը, կա՛մ բոլոր ձայները կտան Հայաստանին, քանի որ այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը»,- ասել է Դիդենկոն։
Նա «Եվրատեսիլ»-ն անվանել է քաղաքականացված մրցույթ և ենթադրել, որ արդյունքներն այս տարի կարտացոլեն միջազգային ասպարեզում ուժերի հավասարակշռությունը։
Օրինակ՝ 2008-ին Դիմա Բիլանի հաղթանակը, Դիդենկոյի կարծիքով, կապված էր Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների ջերմացմամբ։










