Երևանյան դպրոցում համերգով ներկայացվեցին պիլոտային ծրագրով ներդրված ազգային երգուպար առարկայի արդյունքները
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել էին Երևան ի թիվ 200 դպրոց, որտեղ աշակերտները համերգի միջոցով ներկայացրեցին 1 տարի առաջ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում ներդրված «Ազգային երգուպար» առարկայի փաստացի արդյունքը:
Համերգից առաջ Արմեն Աշոտյանը պիլոտային այս ծրագիրը, որը իրականացվում է մի շարք դպրոցներում, անվանեց՝«փաստացի հայկական նոուհաու»:
«Մենք մշակեցինք մոդել՝ ինչպես ճիշտ աշխատել, հատկապես այս առարկայի ներդրմամբ, որը փաստացի հայկական նոուհաու է»,-նշեց նախարարը :
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ազգային երգուպարը հայ ժողովրդի ազգային հոգեկերտվածքին այնքան հարազատ է, որ որքան կա հայ ժողովուրդը, այնքան կա ազգային երգուպարը:
Ըստ մշակույթի նախարարի` այս առարկան ազգային նկարագիր ունեցող մարդու, առհասարակ, ՀՀ քաղաքացու դաստիարակության լավագույն ձևերից մեկն է:
Նշեն, որ Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում իրականացվող այս պիլոտային ծրագրին միանալու են շատ այլ դպրոցներ, առայժմ առարկան ուսուցանվում է 5-7 րդ դասարաններում:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ որոշակի կադրային խնդիր կա, որը պետք է լուծվի, թեև Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը, Գեղարվեստաթատերական ինստիտուտը նման կադրեր ամեն տարի պատրաստում են։ Սակայն, նախարարի խոսքով, անհրաժեշտ են ոչ միայն պարի կամ երգի մասնագետներ, այլ նման մասնագետ-մանկավարժներ:
Համերգին ներկա էր նաև նախագիծն իրականացնող «Կարին» ազգագրական երգի, պարի համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, ով դահլիճից թաքնված հուզմունքով հետևում էր աշակերտների պարին:










