«Եվրատեսիլ-2015»-ի երգերը ցույց են տալիս ճգնաժամի մեջ գտնվող մայրցամաքը. Guardian-ի բլոգի անդրադարձը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը ստեղծվել է որպես երկրներն իրար մոտեցնող «թեթև ժամանցային ծրագիր» և ունի քաղաքական բովանդակության դեմ խիստ քաղաքականություն, գրում է Բելա Քվիստը The Guardian թերթի կայքի բլոգում հրապարակված «Հեղափոխություն, ցեղասպանություն, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի անջատում. «Եվրատեսիլ- 2015» մրցույթի երգերը ցույց են տալիս ճգնաժամի մեջ գտնվող մայրցամաքը» վերնագրով հոդվածում:
Նախորդ տարիներին շատ երգեր բավականին մոտ են եղել այս օրենքը խախտելու գծին, գրում է հեղինակը՝ թվելով անցած տարիներին թաքնված քաղաքական ուղերձով հանդես եկած մասնակիցներին։ Նա հարցնում է, թե որքան է քաղաքականացված 2015 թվականի մրցույթը:
Այս տարի, հեղինակի խոսքով, համեմատաբար շատ են մռայլ գույների մեջ «սուզված» երգերը. «Եվրատեսիլը» լրջացել է, գրում է նա: Այս տրամադրության պատճառը կարող է լինել անցած տարվա հաղթող Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրսթի առաջարկած «կամուրջներ կառուցելու» թեման, բայց այն նաև խոսում է ավելի մեծ և խորքային խնդիրների մասին:
Հեղինակն ի թիվս այլ մասնակից երկրների մատնանշում է Հայաստանը և երկիրը ներկայացնող Genealogy խումբը: Հեղինակը նշում է, որ պաշտոնապես խաղաղություն, միասնություն և սեր քարոզող Face the Shadow (Առերեսվի՛ր ստվերին) երգը քննադատության էր արժանացել, երբ այն ի սկզբանե ներկայացվել էր Don’t Deny (Մի՛ ժխտիր) վերնագրով։ Հայաստանը ստիպված է եղել անվանափոխել այն, երբ կազմակերպիչներն այն չափազանց քաղաքական են համարել: Հեղինակը հիշեցնում է, որ այս տարի Հայաստանում հիշատակում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և նշում, որ Թուրքիան մինչ օրս չի ճանաչում ցեղասպանությունը: Genealogy-ի երգի խոսքերն անընդհատ կրկնում են «մի՛ ժխտիր» խոսքերը, իսկ տեսահոլովակը պատկերում է ընտանիքի լուսանկար, որն աստիճանաբար դատարկվում է: Այն սիրո՞ մասին է, թե՞ սպանության, հարցնում է հեղինակը:
Հունաստանի երգը թաքնված հրաժե՞շտ է Եվրամիությանը: Վրաստանը պատրաստվում է պատերազմի՞: Այս տարվա երգի մրցույթն ընդգրկում է գուցե երբևէ ներկայացված ամենաշատ քաղաքական երգերի հավաքածուն, և դրանց հիմքում ընկած գաղափարները բավականին մտահոգիչ են, գրում է հեղինակը:










