Թողարկվել է «100 հայկական մեղեդի» խորագիրը կրող ձայնասկավառակը՝ նվիրված ցեղասպանության 100-ամյա տարելիցին

14:44 • 21.05.15

 

«100 հայկական մեղեդի» խորագիրը կրող ձայնասկավառակի շնորհանդեսին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ասաց, թե յուրաքանչյուր սկավառակի մեջ ներգրավված է երաժշտական ժանրի որևէ տեսակ:


«Այս ծրագիրն իրականացվել է Հայաստանի վարչապետի հովանու ներքո և ունի նաև մշակութային քաղաքական ուղղվածություն, որովհետև վերջին տարիներին մեզ համար հայկական մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու օգտագործումը համարվում է գերակա ուղղություն»,-ասաց փոխնախարարը:

 

Նա նշեց, թե այս մոտեցումը սկսել են կիրառել դեռևս 2009 թվականից:


«Վերջին տարիներին մենք անդրադառնում ենք նաև ժամանակակից արվեստի տարբեր ոլորտներին և դրականն այն է, որ վերջին տարիներին թվայնացվում և պահպանվում են երաժշտարվեստի, կինոարտադրության և կերպարվեստի գործերը: Այս տարվա խորհրդի ներքո սա հերթական ծրագրի հերթական փուլն է: Երեք կարևոր հիմնադրույթներ կան՝ մենք պետք է մեր մշակութային ողջ ժառանգությունը հնարավորինս շատ թվայնացնենք և տարածենք մեր սփյուռքում՝ ունենալով հավաքական շտեմարան»,-ասաց Արթուր Պողոսյանը։
 

Փոխնախարարի խոսքով՝ այս ծրագրերի շարքի ընթացքում ձայնասկավառակների հավաքածուն լավագույններից  մեկն է: Հավաքածուի վաճառք չի նախատեսվում, այն հուշանվերային հրատարակություն է:
 

«Այս գործընթացը շարունակություն ունենալու է»,-հայտարարեց Արթուր Պողոսյանը:
 

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ում ստեղծագործություններից նույնպես տեղ են գտել ձայնասկավառակում, ասաց, թե ինքը կցանկանար, որ հեղինակները ևս տեղյակ լինեին ձայնասկավառակի ստեղծման մասին, քանի որ իրենց համար այն անակնկալ է եղել:
 

«Ողջունում եմ այս նախաձեռնությունը և հուսով եմ, որ այս 8 խտասկավառակը կդառնա 18: Խոսելը հեշտ է, բայց այսպիսի գործ անելը մեր հայ ժողովրդի նվաճումն է»,-ասաց Արամ Սաթյանը:
 

Երաժիշտ Վահագն Հայրապետյանն էլ իր հերթին նշեց, որ շատ որակով աշխատանք է կատարվել՝ նաև դիզայնի առումով:
 

«Մեծ ապագա կա այս ամենում, և կարելի է ներկայացնել ոչ միայն սփյուռքում, այլև ամբողջ աշխարհին: Ես ցանկանում եմ, որ սա չմնա մեր մեջ, սա մեր պատմությունն է, որ կարելի է սփռել ամբողջ աշխարհում, որովհետև ափսոս է այս ամբողջ աշխատանքը»,-ասաց ջազմենը:

 

Թողարկվել է «100 հայկական մեղեդի» խորագիրը կրող ձայնասկավառակը՝ նվիրված ցեղասպանության 100-ամյա տարելիցին