Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է (լուսանկարներ)

12:50 • 22.05.15

«Ես ուղղակի անհաջողակ չեմ, կան ի ծնե անհաջողակ մարդիկ, իսկ ես անհաջողակի հակադրությունն եմ»,-վերջերս ռուսական Առաջին ալիքի եթերում ասել էր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, պոետ և դերասան Շառլ Ազնավուրը, ով այսօր նշում է ծննդյան 91-ամյակը։

 

Չնայած իր տարիքին՝ շանսոնյեն օրեր առաջ թողարկել է իր 51-րդ ձայնասկավառակը՝ «Encore»։


Նոր ձայնասկավառակում աշխարհահռչակ Ազնավուրը մեկտեղել է 12 բոլորովին նոր երգ, որոնք ներկայացնում է որպես նվեր իր միլիոնավոր երկրպագուներին: Նշվում է, որ երգերից մի քանիսը նվիրված են հիմնականում իր անցյալի հիշողություններին, մանկությանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքարին:



Ողջ աշխարհում ֆրանսիական երգերի դեսպանը, մի կողմ դնելով հանգստի անցնելու բոլոր մտքերը, նշել է, որ շարունակում է մշտապես երգեր գրել՝ ամեն օր։

 

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում, նրա ծնողները հայ ներգաղթյալներ են։ Շառլը սովորել է մանկական արտիստական դպրոցում, իսկ հետո՝ Փարիզի TSF կենտրոնական դպրոցում։ Ինը տարեկանում նա արդեն ելույթ էր ունենում բեմում, երգում և խաղում, 19 տարեկանում նկարահանվում էր կինոյում։

 

1960-ականների սկզբին Ազնավուրն արդեն բավականին հայտնի էր, նա համերգներ էր ունենում Նյու Յորքի «Carnegie Hall» և «Ambassador Hotel» դահլիճներում, ավելի ուշ Ֆրենկ Սինատրայի «Reprise Records» ընկերությունում նա թողարկում է իր առաջին ամերիկյան ալբոմը։

 

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Ազնավուրը ստեղծել է ավելի քան 1000 երգ, որոնցից շատերը երգել են համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր։ Մեծ շանսոնյեն ունի նաև հրաշալի դերասանական տվյալներ, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլում։

 

Լինելով ամենահայտնի կատարողներից մեկը Ֆրանսիայում՝ Ազնավուրը հայտնի է նաև նրա սահմաններից դուրս։

 

Աշխարհահռչակ հայը մեծ ներդրում է ունեցել 1988-ի երկրաշարժից հետո հայկական քաղաքների վերականգնման հարցում։ Նա պարբերաբար այցելում է իր պատմական հայրենիք՝ բարեգործական համերգներով։

 

2009-ից Ազնավուրը ՀՀ դեսպանն է Շվեյցարիայում։

 

 


 

Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է (լուսանկարներ)