«Եվրատեսիլը» քաղաքականացված անկանխատեսելի մրցույթ է. Տիգրան Պետրոսյան

14:53 • 24.05.15

«Եվրատեսիլ»–ն անկանխատեսելի մրցույթ է, հատկապես այն պատճառով, որ այն շատ քաղաքականացված է: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց երգիչ Տիգրան Պետրոսյանը, ով երեք անգամ Հայաստանի ներկայացուցիչների հետ մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթին որպես «բեք վոկալ»:


«Դա միշտ այդպես եղել է և այդպես էլ լինելու է, որովհետև երբ երկրներն սկսում են իրար միավորներ տալ, ոչ ոք չի նայում, թե տվյալ երկրի երգը լա՞վն էր, թե՞ վատը: Այստեղ զուտ քաղաքականացված հարաբերություններ են: Ասում է՝ кукушка хвалит петуха за, то что хвалит он кукушку, դա, երևի թե, ընդունված ձև է. հավանաբար չի էլ փոխվի»,- ասաց երգիչը:


Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն իր «Face the Shadow» երգով զբաղեցրեց 16-րդ տեղը՝ հավաքելով 34 միավոր:


Ինչ վերաբերում է երգին, Տիգրան Պետրոսյանն ասաց. «Մերոնք ապրեն, երգեցին: Կողմնապահություն չլինի, բայց երգում ես Ինգայի կատարումն ավելի շատ հավանեցի: Ինգայի ձայնով երգը դարձավ այն, ինչ պետք է լիներ, նա հարստացրեց և վերջնական տեսքի բերեց երգը»:


Հայաստանի զբաղեցրած 16-րդ հորիզոնականի մասին խոսելով՝ Տիգրան Պետրոսյանն ասաց, թե բոլորովին կարևոր չէ այն, հաշվի առնելով մրցույթի քաղաքականացված լինելը: «Ես երեք անգամ եղել եմ «Եվրատեսիլ»-ում, վստահ եմ, որ դա այդպես է, և հաստատ գիտեմ, թե իրենք առհասարակ ինչպես են շնչում»,-ընդգծեց երգիչը:

 

«Եվրատեսիլը» քաղաքականացված անկանխատեսելի մրցույթ է. Տիգրան Պետրոսյան