«Եվրատեսիլը» չեղարկել է Մակեդոնիայի և Մոնտենեգրոյի ձայները

13:22 • 25.05.15

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը չեղարկել է երկու երկրների՝ Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) և Մակեդոնիայի ձայները, գրում է gazeta.ru-ն:

 

Շոուի կազմակերպիչների համաձայն՝  պատճառը հաշվարկի կանոնների խախտումն է: Երկու երկրները ներկայացրել են միայն երկրի բնակիչների քվեարկության արդյունքները, մինչդեռ դրանց հարաբերակցությունն այդ երկրների ժյուրիի ձայների նկատմամբ պետք է կազմեր 1/1:

 

Վերահաշվարկը չի ազդի շվեդ Մոնս Զելմերլյովի հաղթանակի վրա: Երկրորդ տեղը զբաղեցրած ռուս Պոլինա Գագարինան նույնպես կմնա իր գրաված տեղում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ շվեդները մեծ ուրախությամբ են ընդունել իրենց երկրի 6-րդ հաղթանակը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։ Հազարավոր մարդիկ, ովքեր Ստոկհոլմի կենտրոնական հրապարակում հետևել են Վիեննայից հեռարձակմանը, գիշերը սկսել են տոնել հաղթանակը, երբ պարզ է դարձել, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան այլևս չի կարող հասնել Մոնս Զելմերլյովին:

 

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն իր «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով զբաղեցրել է 16-րդ տեղը՝ հավաքելով 34 միավոր: Հայաստանը ներկայացնող մասնակիցները միավորներ են ստացել հետևյալ երկրներից՝ Վրաստան՝ 12 միավոր, Ռուսաստան՝ 6 միավոր, Բելառուս՝ 4 միավոր,  Բելգիա, Ֆրանսիա և Մակեդոնիա՝ 3-ական միավոր, Չեխիա՝ 2 միավոր և Հունաստան՝ 1 միավոր:

«Եվրատեսիլը» չեղարկել է Մակեդոնիայի և Մոնտենեգրոյի ձայները