«Եվրատեսիլ-2015» մրցույթի հաղթող Շվեդիան 2016-ին անհավանական շոու է խոստանում

11:07 • 25.05.15

Շվեդները մեծ ուրախությամբ են ընդունել իրենց երկրի 6-րդ հաղթանակը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։ Հազարավոր մարդիկ, ովքեր Ստոկհոլմի կենտրոնական հրապարակում հետևել են Վիեննայից հեռարձակմանը, գիշերը սկսել են տոնել հաղթանակը, երբ պարզ է դարձել, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան այլևս չի կարող հասնել Մոնաս Զելմերլյովին, գրում է Deustche Welle-ն։

 

«Մենք պետք է հաշվի առնենք, որ Շվեդիան գերտերություն է, երբ խոսքը վերաբերում է երաժշտությանը»,- ասել է երկրի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը։

 

Շվեդիան վերջին անգամ հաղթել էր «Եվրատեսիլ» մրցույթում 2012-ին, երբ «բախտը ժպտացել» էր երգչուհի Լորինին։

 

SVT հանրային հեռուստատեսությունը, չնայած լուրջ ծախսերին, ուրախ է հաջորդ տարի կրկին մրցույթի կազմակերպիչը լինելու հնարավորության համար։ Ընկերության ղեկավարությունն արդեն խոստացել է, որ 2016-ին շոուն «հրաշալի կլինի»։

 

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն իր «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով զբաղեցրել է 16-րդ տեղը՝ հավաքելով 34 միավոր: Հայաստանը ներկայացնող մասնակիցները միավորներ են ստացել հետևյալ երկրներից՝ Վրաստան՝ 12 միավոր, Ռուսաստան՝ 6 միավոր, Բելառուս՝ 4 միավոր,  Բելգիա, Ֆրանսիա և Մակեդոնիա՝ 3-ական միավոր, Չեխիա՝ 2 միավոր և Հունաստան՝ 1 միավոր:

«Եվրատեսիլ-2015» մրցույթի հաղթող Շվեդիան 2016-ին անհավանական շոու է խոստանում