«ՀԱՅԱՍՏԱՆ 1915». Ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն Փարիզում

13:24 • 26.05.15

Ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում բացվել է «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը: Այսօր այս մասին մամուլ ասուլիսին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ ցուցադրությանը ներկայացված են եղել նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  աջակցությամբ հրատարակած չորս՝ երկու հետազոտական և երկու թարգմանական հատորները՝ Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ հատորը, Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային հուշագրությունը, «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը և Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը:

«Ցուցադրությունն արդեն իսկ մեծ հաջողություն ունի, այդ սրահներում հաճախելիության ռեկորդներ է սահմանվել, նախկինում երբեք այդքան մարդ չի այցելել: Այս գրքերը բավականին մեծ հաջողություն ունեն, նույնիսկ հազիվ հասցնում ենք մատակարարել: Մեր տպագրությունները շատ արագ սպառվում»-ասաց նա:

Բանկի գլխավոր գործադիր տնօրեն  Հակոբ Անդրեասյանը նշեց, որ նախաձեռնությունը շատ պարտավորեցնող է, որի մեջ ընդգրկած և ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ֆրանսիացի բարեկամները և ստացել են բավականին դրական արձագանքներ:

«Կարծում եմ, որ այն, ինչ-որ արվեց այս տարվա ընթացքում տպագրական առումով, երևի թե այս տարիների ընթացքում այս ծավալի աշխատանք չէր արվել, և նախաձեռնությունը շատ նշանակի դեր խաղաց»,-ասաց նա և նշեց, որ ուրախ կլիներ շարունակել համագործակցությունը ազգանվեր  աշխատանքում:

«Գաղափարները ձեր կողմից լինեն, ֆինանսական աջակցությունն էլ մեր կողմից, կարծում եմ, որ դեռևս մենք երկար ճանապարհ ունենք անցնելու: Մենք իրոք հոգու կանչով ենք միացել այս նախագծին և պատրաստ ենք, որ թանգարանի հետ շարունակել մեր համագործակցությունը»,-ասաց նա և նշեց, որ այս կառույցը ցանկացած հայի համար կարևոր է:

Հայկ Դեմոյանը ևս հաջողված համարեց համագործակցությունը և առաջիկա ծրագրերի վերաբերյալ էլ ասաց, որ սեղանին կա նոր առաջարկ՝ կապված խոշոր ցուցադրության հետ, սակայն չցանկացած բացել փակագծերը:

Ինչ վերաբերում է ՀՑԹԻ-ի և մասնավոր հատվածի համագործակցությանը, Հայկ Դեմոյանը ողջունելի համարեց, որ նախաձեռնությունը մասնավոր հատվածից էր:

«Թանգարանի կարգավիճակը, խորհուրդը հնարավորություն չի տալիս՝ գնալ և խնդրել, դա յուրաքանչյուր անձի գիտակցության մեջ հասունացած պետք է լինի, և իրենք պետք է նախաձեռնությունը ներկայացնեն»,-ասաց նա:

 

«ՀԱՅԱՍՏԱՆ 1915». Ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն Փարիզում