Բի Բի Քինգի դուստրերը հայտարարել են, որ «բլյուզի արքային» թունավորել են
Հայտնի ամերիկացի երաժիշտ Բի Բի Քինգի երկու դուստրերը հայտարարել են, որ իրենց հայրը թունավորվել է, գրում է korrespondent.net-ը:
Կարեն Ուիլյամսը և Փեթի Քինգը պնդում են, որ Քինգի մահվանից առաջ՝ այն ժամանակ, երբ ընտանիքի անդամները զրկված էին նրան այցելելու հնարավորությունից, երաժշտի մենեջեր Լավերն Թոնին և նրա անձնական օգնական Միրոն Ջոնսոնը «գործողություններ են իրականացրել, որոնք հրահրել են Քինգի մահը»:
Աղջիկները հայտարարել են, որ իրենց հայրը մահացել է թունավորման միջոցով: Մասնավորապես՝ Փեթի Քինգը, ով ապրում էր հոր տանը մահվանից մի քանի ամիս առաջ, պնդում է, որ տեսել է, թե ինչպես է Ջոնսոնը Քինգին ինչ-որ նյութ տվել: Քինգի կտակի համաձայն՝ Թոնին տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող անշարժ գույքի հարցով կտակակատարն է:
Հայտնի է, որ Ջոնսոնը եղել է մահամերձ Քինգի անկողնու մոտ, մինչդեռ նրա բարեկամներն այդ պահին այդտեղ չեն եղել:
Փաստաբան Բրենթ Բրայսոնը հերքել է Քինգի օգնականների հասցեին հնչած մեղադրանքները և դրանք անհեթեթ ու ծիծաղելի անվանել: Նրա խոսքով՝ աղջիկները պետք է փաստացի ապացույցներ ներկայացնեն իրենց պնդումների հետ կապված, որոնք նա անվանել է զրպարտություն:
«Բլյուզի արքա» Բի Բի Քինգը մահացել է մայիսի 14-ի երեկոյան, 89 տարեկանում: Ամերիկացի երաժիշտն օրեր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց՝ շաքարային դիաբետի հետ կապված բարդացումների պատճառով։










