Լոնդոնի ազգային պատկերասրահի աշխատակիցները 10-օրյա գործադուլ են սկսում
Լոնդոնի ազգային պատկերասրահի աշխատակիցները երեքշաբթի օրը՝ մայիսի 26-ին, գործադուլ կսկսեն, որը կտևի մինչև հունիսի 4-ը: Այդ մասին հայտնել է հանրային և կոմերցիոն ոլորտի աշխատակիցների արհմիությունը, գրում է ria.ru-ն:
Սկսվող գործադուլը միայն փետրվարից անցկացվող բողոքի ակցիաների մի մասն է: Մայիսի 30-ին պատկերասրահի աշխատակիցները պիկետ կանցկացնեն Թրաֆալգարի հրապարակում, որտեղ գտնվում է Ազգային պատկերասրահը:
Բողոքի պատճառ են դարձել ղեկավարության պլանները՝ այցելուներին սպասարկելու ծառայությունների մի մասը մասնավոր ընկերության հանձնելու վերաբերյալ:
«Դա վտանգի տակ է դնում մշակութային իր արժեքով ողջ աշխարհում հայտնի թանգարանի հեղինակությունը: Ղեկավարությունը ցանկանում է մասնավոր կառավարման հանձնել գրեթե բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ նաև նրանց, ով հետևում է նկարների վիճակին և օգնում է ամեն տարի ցուցասրահ ժամանող մոտ վեց միլիոն այցելուներին»,- նշված է արհմիության տարածած հայտարարության մեջ:










