Մոնտենեգրոն ներողություն է պահանջում «Եվրատեսիլ-2015»-ի կազմակերպիչներից
Մոնտենեգրոն (Չեռնոգորիա), որի քվեարկության արդյունքները չեղարկվել են «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում, ներողություն է պահանջում մրցույթի կազմակերպիչներից: Այդ մասին հայտարարել է Մոնտենեգրոյի հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Ռադե Վոիվոդիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ շոուի կազմակերպիչները նման որոշման պատճառ են նշել հաշվարկի կանոնների խախտումը: Երկու երկրները ներկայացրել են միայն երկրի բնակիչների քվեարկության արդյունքները, մինչդեռ դրանց հարաբերակցությունն այդ երկրների ժյուրիի ձայների նկատմամբ պետք է կազմեր 1/1:
RTCG-ի գլխավոր տնօրենի հրապարակած հայտարարության համաձայն՝ ընկերությունը չունի նման որոշման պատճառների մասին ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ոչ պաշտոնական տեղեկություն: Վոիվոդիչն այդ որոշումն անվանել է «ճնշում» իր երկրի և Մոնտենեգրոյի մասնակցի նկատմամբ, ով մրցույթում հայտնվել է 13-րդ տեղում: Նա հիշեցրել է, որ Մոնտենեգրոն ավելի վաղ անհիմն կերպով կասկածվել է այլ երկրների հետ «պայմանավորվածության գալու» համար: Նրա խոսքով՝ քանի որ նման պայմանավորվածության ոչ մի հաստատում չի եղել, «հորինվել է Մոնտենեգրոյի վրա ճնշում գործադրելու նոր ձև»:
Այդ ամենի պատճառը, հեռուստառադիոընկերության ղեկավարի կարծիքով, այն է, որ Մոնտենեգրոյի ներկայացուցիչն իր որակյալ ելույթով «խանգարել է ինչ-որ մեկի պլաններին»:
«Ո՞ւմ և ինչո՞ւ է անհրաժեշտ եղել ի զարմանս բոլորի երկու տարի անընդմեջ եզրափակիչ անցնող Մոնտենեգրոյի վրա նման ճնշումը՝ մեզ համար պարզ չէ: Այդ պատճառով մենք հնարավորինս շուտ պատասախան ենք պահանջում «Եվրատեսիլի» պաշտոնական անձանցից, ինչպես նաև ներողություն՝ մեզ հասցրած անհարմարությունների համար»,- հայտարարել է Վոիվոդիչը:










