Զավեն Բոյաջյանը մրցանակ ստացավ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը թարգմանելու համար
Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը այսօր արժանացավ ՀՀ նախագահի 2014թ-ի մրցանակին՝ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու, ինչպես նաև թարգմանության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստեղծագործությունը բոլոր ժամանակների համար է:
«Եթե սկսեմ պատմել, թե ինչ բարդ վեպ էր ու թե ինչ ջանքեր պահանջվեց թարգմանելու համար, կստացվի, որ ինքնագովեստով եմ զբաղվում, բայց ասեմ, որ ինձնից խլեց 8 ամիս, բայց շատ ինտենսիվ աշխատանք՝ բառիս բուն իմաստով առավոտից երեկո: Հետո պարզվեց, որ եթե վեպը տպագրվի այդպես, թերի կլինի և որոշեցի, որ նաև մեկնություններ ու ծանոթագրություններ թարգմանել, ինչն էլ պահանջեց 5 ամիս: Մի խոսքով, 1 տարուց ավել թարգմանությամբ եմ զբաղվել: Շատ ծանր գործ էր, մինչև հիմա ուշքի չեմ եկել»,- ասաց նա:
Զավեն Բոյաջյանը նշեց, որ անպայման պետք է Ումբերտո Էկո կարդալ, քանի որ վերջինս 20-րդ դարի պոստմոդեռնիստական գրականության ներկայացուցիչ է, իսկ այս ուղղության հեղինակների գործերից հայերեն թարգմանություններ գրեթե չկան:
«Բոլոր ժամանակներում ընթերցանության արժանի գրքերի քանակը շատ-շատ է, և ես մեկ հոգով չեմ կարող այդ ամենի տակից դուրս գալ: Պոստմոդեռնիստական գրականությունը ներկայումս էլ շարունակվող գրական ամենաազդեցիկ հոսանքը կամ ուղղությունն է և վաղուց ժամանակն է, որ մենք պոստմոդեռնիստի կարևոր գործերը ունենանք հայերեն»,-ասաց նա:










