Շվարցենեգերի մասնակցությամբ «Կոնան բարբարոսը» ֆիլմի շարունակության նկարահանումները կսկսվեն աշնանը
Առնոլդ Շվարցենեգերը 33 տարի անց որոշել է կրկին նկարահանվել Կոնանի դերում՝ այս անգամ «Կոնանի լեգենդը» ֆիլմում, գրում է ТАСС գործակալությունը։
Ինչպես հայտնել են հոլիվուդյան ԶԼՄ-ները, «Կոնան բարբարոսը» ֆիլմի շարունակությունը կկոչվի «Կոնանի լեգենդը», որի նկարահանումները կսկսվեն այս տարվա աշնանը։
Ֆիլմի սցենարի հեղինակ և պրոդյուսեր Քրիս Մորգանն արդեն ավարտել է 1982 թվականի «Կոնան բարբարոսը» ֆիլմի շարունակության սցենարի աշխատանքները և պատրաստ է սկսել նկարահանումերը։
«Ֆիլմի գործողություններն ընթանում են նախորդ ֆիլմի իրադարձություններից 30 տարի անց»,-Քրիս Մորգանին մեջբերել է The Wrap-ը։
Նա հավելել է, որ երբ հանդիպեք Կոնանին՝ «նա արդեն հարուստ կենսափորձով հերոս է լինելու, ով նախկինում խուլիգան, ավազակ, թագավոր և լեգենդար հերոս էր»։ «Այժմ նա շատ ավելի իմաստուն է դարձել»,- ասել է Մորգանը։
Առնոլդ Շվարցենեգերն արդեն հաստատել է իր մասնակցությունը ֆիլմում, որը սկիզբ է դրել իր փայլուն դերասանական կարիերային՝ իրեն մեծ հռչակ բերելով։













