Հավերժական շարժիչ չկա, բայց մեզ մոտ ստեղծվել է՝ հավերժական թալանի տեսքով. Դանիել Երաժիշտ
Սոցիալապես որքան արդար, այնքան զորեղ է հայրենիքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմանը և դրա դեմ քաղաքացիների մղած պայքարին։
«Եթե վնաս չտան, չեն կարող քնել էս մարդիկ։ Փորձը ցույց է տվել, որ անպայման մի վատ պետք է անեն, որ գիշերը հանգիստ քնեն։ Բայց սա հարցի էմոցիոնալ կողմն է։ Մեր երկրում, եթե չափանիշը վերցնենք արդարությունը ու ստեղծենք արդարաչափ, դրանով պետք է չափենք Հայաստանի զորությունը»,-ասաց նա։
Նա նշեց, որ երբ նախորդ տարի բարձրացվեց միայն գազի սակագինը, ինքն ասում էր՝ թունելի ծայրում լույս է վառվում, հիմա՝ էլեկտրաէներգիայի թանկացմամբ այդ հույսի լույսն էլ կմարի։
«Նստած պտղաբեր ծառի տակ՝ սովից մեռնում ենք։ Հայաստանում տնտեսական ստրկություն է տիրում, իսկ ստրուկը հայրենիք պաշտպանել չի կարող»,-ասաց նա։
Երաժիշտը պատմեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ Մոսկվայից հայ ժողովրդին վախեցնում էին սովի միջոցով, ասում էին՝ սովի միջոցով ծնկի կբերեն, մինչև հիմա այդ քաղաքականությունն է վարվում։
«Հայրենիքը միայն տարածք չէ, նրա բովանդակությունը ժողովուրդն է, ով ժողովրդին նեղում է, հայրենիքն է վնասում, ժողովրդին, հայրենիքին արհամարհել չի կարելի։ Մի բան ասեմ՝ որքան իրերը թանկանում են, այնքան մարդը էժանանում է։ Այսօր մեր ժողովրդին էժանացնում են»,-ասաց նա։
Դանիել Երաժիշտը հիշեց Ալ. Մակեդոնացու հոր՝ Փիլիպոսի խորհրդականին, որը ամեն առավոտ մի բան էր ասում՝ «Հիշի՛ր, որ դու մարդ ես»։
«Ես կուզենայի, որ մեր ղեկավարները մի հատ այդպիսի խորհրդական պահեն, որ ասի՝ հիշի՛ր, որ ժամանակին դու մարդ ես եղել։ Հայաստանում ֆիզիկայի օրենքներն են խախտվում։ Ասում են հավերժական շարժիչ չկա, բայց մեզ մոտ ստեղծվել է՝ հավերժական թալանի տեսքով»,-ասաց նա։










