Կանադա, Բրազիլիա, Մեքսիկա...SOAD-ի «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը շարունակվում է

11:26 • 30.05.15

Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված System of a Down (SOAD) խմբի համաշխարհային շրջագայությունը շարունակվում է աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով խմբի պաշտոնական՝ systemofadown.com կայքը, «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության ընթացքում նախատեսվում է ևս մի քանի համերգ:
 

Հունիսի 17-ին Միչիգանի Դետրոյթ քաղաքի «Էներջի» երաժշտական թատրոնում  («Energy music theatre») տեղի կունենա խմբի հաջորդ համերգը: Այնուհետև հունիսի 19-ին երաժիշտները հանդես կգան Կանադայի Տորոնտո քաղաքի Մոլսոն կանադական ամֆիթատրոնում («Molson Canadian Amphitheartre» ): Մեկ օր անց SOAD-ի տղաներն «Amnesia Rockfest»-ի շրջանակում ելույթ կունենան կանադական Մոնտեբելո քաղաքում:
 

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքը System of a Down խմբին կհյուրընկալի սեպտեմբերի 24-ին՝ «Rock in Rio»-ի շրջանակում: Այնուհետև հաջորդ օրը խումբը Սան Պաուլոյի «Anhembi Arena»-ում կարթնացնի մարդկանց հոգիները:
 

SOAD-ի տղաների հաջորդ կանգառը Չիլին է. սեպտեմբեր 27-ին Սանտյագո քաղաքի «Santiago Gets Louder» փառատոնի շրջանակում նախատեսվում է նրանց ելույթը, իսկ սեպտեմբերի 30-ին նրանք հանդես կգան Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի «Estadio Geba» սրահում: Ըստ ժամանակացույցի՝ հոկտեմբերին ևս երկու համերգ է նախատեսված: Ամսվա երրորդ օրը խումբը ելույթ կունենա Կոլումբիայի Բոգոտա քաղաքի «Parque Deportivo»-ում, իսկ հոկտեմբերի 6-ին Մեքսիկայի Մեխիկո քաղաքի «Sports palace»-ում:

 

«Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության ընթացքում արդեն իսկ համերգներ են տեղի ունեցել Ինգլվուդ, Լոնդոն, Քյոլն, Լիոն, Բրյուսել, Ամստերդամ, Մոսկվա, Երևան քաղաքներում:

 

Կանադա, Բրազիլիա, Մեքսիկա...SOAD-ի «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը շարունակվում է