Sotheby's աճուրդի տունը վաճառքից չի հանի Այվազովսկու կտավը
Sotheby's աճուրդի տունը վաճառքից չի հանի Հովհաննես Այվազովսկու «Երեկո Կահիրեում» կտավը այն պատճառով, որ նախքան այն վաճառքի դնելը խորհրդակցություններ են անցկացվել ռուսական իշխանությունների հետ, հայտնել է աճուրդի տան ներկայացուցիչը։ Այս մասին հայտնում է Газета-ն։
«Sotheby's-ը տեղյակ է այն հայտարարությունների մասին, որ Այվազովսկուն վերագրվող կտավը գողացվել է 1997-ին։ Անվտանգության նկատառումներով՝ նախքան 2015թ. հունիսի 2-ին կտավը վաճառքի դնելը, Sotheby's-ը համոզվել է, որ Այվազովսկու «Երեկո Կահիրեում» անվանումով կտավը նշված չէ ՌԴ մշակույթի նախարարության տարածած մշակութային գողացված օբյեկտների տվյալների բազայում և արվեստի գողացված օբյեկտների տվյալների միջազգային բազայում»,- նշել է աճուրդի տան ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական Ինտերպոլը խնդրել է Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների աջակցությունը՝ Այվազովսկու կտավը աճուրդից հանելու հարցում։










