11-ամյա երևանցի կոմպոզիտորը հեղինակ է մեկ տասնյակից ավելի երաժշտության (տեսանյութ, լուսանկարներ)

19:33 • 01.06.15

Երևանցի 11-ամյա Գրիգ Բալասանյանը ո′չ միայն փայլուն դաշնամուր է նվագում, այլ նաև՝ ստեղծագործում է: Թեև նվագել սկսել է սովորել 7 տարեկանից, բայց այսօր արդեն հեղինակ է տասնյակից ավելի երգերի:

«Սկզբից սովորում էի ջութակ նվագել, բայց հետո հասկացա, որ դաշնամուրն ինձ ավելի հոգեհարազատ է: Արդեն 3 տարի է՝ սովորում եմ նվագել դաշնամուր և ստեղծագործում եմ հիմականում վերջին մեկ տարում»,-պատմեց Գրիգը:

Վերջին մեկ տարվա ընթացքում փոքրիկը հասցրել է իր հեղինակային երգերը ներկայացնել տարբեր միջազգային ու տեղական մրցույթների և մրցանակներ ստացել:

«Մեղեդի» երաժշտությունը ներկայացրի Ռուսասատանում անցկացվող «Պատանի կոմպոզիտորներ» միջազգային մրցույթին և շահեցի առաջին տեղը: Այնուհետև այստեղ անցկացված «Վերածննունդ» միջազգային փառատոնին եմ մասնակցել ու «Հեղինակային երգ» անվանակարգում ստացել եմ առաջին մրցանակը»,-ասաց նա:

Գրիգը մասնակցել է նաև Էդուարդ Միրզոյանի անվան երգի մրցույթին, որտեղ թեև որևէ տեղ չի գրավել, սակայն ստացել է պատվոգիր:

«Ես իմ ապագան միայն երաժշտության մեջ եմ տեսնում, կոմպոզիտոր եմ դառնալու: Պետք է սեպտեմբերից ընդունվեմ Էդգար Գյանջումյանի երաժշտական դպրոցը, իսկ ապագայում ուզում եմ ընդունվել կոնսերվատորիա»,-ասաց նա:

Փոքրիկ կոմպոզիտոր Գրիգը պատմեց, որ ստեղծագործում է միայն այն ժամանակ, երբ շատ տխուր է լինում:

«Օրինակ՝ ամեն անգամ ինչ-որ կինոներ նայելուց հետո կամ մարդկանց հետ շփվելուց հետո ինչ-որ զգացմունքներ են առաջանում: Գալիս եմ տուն ու այդ զգացմունքներն սկսում եմ արտահայտել երաժշտության միջոցով: Իմ երաժշտությունները հիմնականում մինորնի են, ոչ թե մաժորնի, այսինքն՝ ավելի տխուր են»,-ասաց նա:

Գրիգի մայրը՝ Մարինա Բալասանյանը պատմեց, որ մի անգամ, երբ տատիկը հարցել է Գրիգին, թե ինչպես է կարողանում երաժշտություն հորինել, պատասխանել է. «Դու ո՞նց ես ճաշ սարքում, ես էլ էդպես երգ եմ գրում»:

«Գրիգը շատ զգացմունքային է, անգամ դրսում մուրացող տատիկի տեսնելուց հետո կգա տուն, կնվագի այնքան, մինչև հոգին հանգստանա»,-ասաց մայրը:

Հայրը՝ Յուրա Բալասայանն էլ նշեց, որ որդին չի նստում ու տանջվում, որ ինչ-որ երաժշտություն գրի, եգերը ծնվում են միանգամից:
Գրիգը գրել է նաև «Առաջին սեր» երաժշտությունը, քանի որ ինչպես ամաչելով անկեղծացավ՝ սիրահարված է դասընկերուհիներից մեկին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գրիգ Բալասայանը գրել է նաև «Այլևս երբեք» երաժշտությունը և նվիրել 1.5 մլն զոհերին:

Ներկայում պատանի կոմպոզիտորն աշխատում է երկու երաժշտության վրա՝ «Էելեգիա» և «Օրորոցային»:



Հեղինակ՝ Մարինա Ոսկանյան