«Տնփեսան» եղել է հայաստանյան շուկայի առաջին հայկական սիթքոմը, և 5-րդ եթերաշրջան չի նախատեսվում. ռեժիսոր
«Տնփեսան» եղել է հայաստանյան շուկայի առաջին հայկական սիթքոմը, որի թեմատիկան, ամեն ինչ հայկական էր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տնփեսա» սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ավարտվեց «Տնփեսա» սիթքոմի չորրորդ եթերաշրջանը։ Ռեժիսորը հայտնեց, որ այն շարունակական չի լինի։ «Ինչպես նախատեսված էր չորս եթերաշրջան, այնպես էլ եղավ։ «Տնփեսան» շատ լավ, հումորով, ժամանցային պրոեկտ էր, որտեղ ընդգրկված էին Հայաստանի հեռուստաշուկայի դերասանական ասպարեզից տաղանդավոր և աչքի ընկնող դեմքեր»,-ասաց նա և նշեց, որ սա այն ծրագիրը չէր, որ ինչ-որ տեղից վերցրած էր, այլ գաղափարով, սցենարով ամեն ինչ եղել է մեր տեղական արտադրանքը։
Հարցին, թե որ եթերաշրջանն էր ամենահաջողվածը, ռեժիսորը պատասխանեց.«Ցանկացած գործ, որտեղ մարդիկ են աշխատում, ունի և′ դրական, և′ բացասական կողմեր։ Սիթքոմը շատ առավելություններ է ունեցել, նաև թերացումներ են եղել, որոնք հաջորդ եթերաշրջանի ընթացքում հաշվի առնելով՝ շտկվել են»,-ասաց նա և նշեց, որ չորս եթերաշրջանն էլ՝ բավականին մեծ ուժ, էներգիա, ներուժ են պահանջել, որպեսզի կարողանային հեռուստադիտողին հետաքրքիր մնալ։ «Չորսն էլ բարձր ցուցանիշներ են արձանագրել և բոլոր եթերաշրջաններին էլ մեր կողմից, հատկապես դերակատարների, մասնավորապես՝ Մկրտիչ Արզումանյանի կողմից, ով երկու կերպար էր մարմնավորում, լուրջ մոտեցում է ցուցաբերվել։ Սցենարիստները նյութը չեն իջեցրել փողոցային, ժարգոնային հարթության վրա՝ պահելով եթերային նորմերը»,-ասաց նա։
Ըստ Հարություն Խալաֆյանի՝ «Տնփեսան» հաջողության հասավ նախևառաջ՝ դերասանների շնորհիվ, ինչպես նաև՝ թեմատիկայի շնորհիվ, ինչը Հայաստանում հավերժ թեմա է։ «Քանի որ այն ժամանցային ծրագիր էր, դրա ամենամեծ նպատակը եղել է շաբաթվա մեջ երկու օր կես ժամով հեռուստադիտողին կտրել առօրյա հոգսերից, գործերից և պարգևել լիաթոք ծիծաղ»,-ասաց նա։










