Յակուտսկում հայկական մշակութային կենտրոն կբացվի

12:00 • 02.06.15

ՌԴ Յակուտսկ քաղաքում այսօր հայկական մշակութային կենտրոն կբացվի, հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ հայերի միության «Երկրամաս» թերթին հղումով։

 

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստանից Յակուտսկ կժամանի պաշտոնական պատվիրակություն՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։

 

«Մշակութային կենտրոնի գլխավոր խնդիրներից է կրթությունը։ Այստեղ կսովորեցնեն հայերեն, ռուսերեն և յակուտերեն»,- նշել է տեղի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը։

 

Հայկական մշակութային կենտրոնում կաշխատի 12 մարդ։ Բացման օրը կկայանա մեծ համերգ։

 

Կենտրոնը կառուցվել է վերջերս բացված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ։

 

Յակուտսկում հայկական մշակութային կենտրոն կբացվի