Իսպանիայում 400 տարի անց հուղարկավորել են Սերվանտեսին
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում` հայտնի գրող Միգել դե Սերվանտեսի մնացորդների հուղարկավորության վայրում, տեղի է ունեցել տապանաքարի բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Մադրիդի քաղաքապետարանը պատրաստել է ճոխ տապանաքար` հետևյալ գրառմամբ. «Այստեղ հանգչում է Միգել դե Սերվանտես Սաավեդրան. 1547-1616»: Դրա տակ փորագրված է գրողի բանաստեղծություններից մեկից մի հատված. «Ժամանակը կարճ է, տխրությունը կանցնի, հույսերն ի չիք կդառնան, բայց միևնույն է՝ ես ապրում եմ ապրելու ցանկությամբ»։
Աղբյուրը հավելում է, որ 2015թ. մարտին մի խումբ իսպանացի գիտնականներ Մադրիդի Սբ Երրորդություն վանքում իրականացված ստորգետնյա պեղումների արդյունքում հայտնաբերել են գրողի մնացորդները: Այդ նշանակալի հայտնագործությունից հետո Սերվանտեսին հուղարկավորել են հենց այդ վանքում:










