Հին ձեռագրերը նախքան վերականգնումը «բուժվում են» տարբեր սնկային հիվանդություններից
Մատենադարանի վերականգնողական բաժնի ավագ ռեստավրատոր, 28 տարի ձեռագրերի վերականգնմամբ ու մանրանկարչությամբ զբաղվող նկարչուհի Սուսաննա Կիրակոսյանը Tert.am-ին ներկայացնում է, թե ինչպես են վերականգնում հին ձեռագրերը:
Նախքան ռեստավրատորներին հանձնելը, դրանք «բուժվում են» տարբեր սնկային հիվանդություններից, որոնցով, որպես կանոն, ախտահարված են լինում:
«Դրանք կենսաբանորեն բուժում են, հետո հանձնում վերականգնողներին։ Պատռված էջերը վերանորոգում ենք ճապոնական թղթերով և տարբեր գույնի ու հաստության՝ նայած, թե որ թուղթն է մեզ անհրաժեշտ, իրենք շատ լավ ձուլվում են մեր թղթերին, ունեն մազմզուկներ»,-մանրամասնեց Սուսաննա Կիրակոսյանը:
Բաժինը զբաղվում է նաև խոնավության, կրակի, սնկերի, մանրէների, կրծողների ու միջատների քայքայիչ ազդեցությանը ենթարկված թղթյա և մագաղաթյա ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի, մանրանկարների և գրաֆիկական աշխատանքների կոնսերվացմամբ և վերականգնմամբ, և ձեռագրերի ու վավերագրերի միկրոկենսաբանական և միջատաբանական զննումից, դրանց հետագա ախտահանումից և բուժումից հետո որոշվում է
թանաքների թթվայնությունը, անհրաժեշտության դեպքում դրանք չեզոքացում,և այլն:
Նրա տեղեկացմամբ` հնարավորինս քիչ են աշխատում ձեռագրերին դիպչել ձեռքերով, որպեսզի մարդկային ձեռքերի վրա առկա յուղային նստվածքները չփոխանցվեն դրանց։ Հատկապես մագաղաթի հետ միայն ձեռնոցներով են աշխատում:
Սուսաննա Կիրակոսյանը առանձնահատուկ բավականություն է ստանում Ավետարաններ վերականգնելուց։
«Առանձնահատուկ են Ավետարանները, որովհետև նկարազարդված է տերունական շարքը, էդ ամեն էջի վրա թռչնագրեր կան, լուսանցազարդեր, և իմ աչքի համար շատ հաճելի է»,-ասաց մանրանկարչուհին:
Գրքի վերանորոգումը դեռ պատռված էջերի վերականգնմամբ, դրանց փակցմամբ չի ավարտվում. ամենավերջում նորոգվում է կազմը, որը կարող է երբեմն ամենաաշխատատար գործը լինել:
Իսկ կազմերի վերականգման ժամանակ ամրացվում են նաև պակասող դետալները, որոնք այստեղ՝ Հայաստանում չափագրվում են, իսկ Գերմանիայում կաղապարվում ու պատրաստվում:
Նշենք, որ Մատենադարանի վերականգնման բաժինը բաժինը գործակցում է այնպիսի արտասահմանյան հայտնի կենտրոնների հետ, ինչպիսիք են Բեռլինի ազգային գրադարանը, Իտալիայի Գրքերի պաթոլոգիայի ինստիտուտը, Սանկտ-Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանը:











