«Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմը 1 շաբաթում 511.8 մլն դոլար է հավաքել համաշխարհային վարձույթում
«Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմն առաջին շաբաթվա ցուցադրության ընթացքում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վարձույթում 511.8 մլն դոլար հավաքելով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այդկերպ համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին անգամ ֆիլմին հաջողվել է հաղթահարել 500 մլն դոլարի շեմը առաջին հանգստյան օրերի ընթացքում»,- նշել է Universal ընկերության ներկայացուցիչը։
Արդյունքում՝ «Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմը հետ է մղել 4 տարի առաջին հորիզոնականում պահպանվող «Հարի Փոթերը և Մահվան ընծաները. Մաս 2» ֆիլմին, որը ռեկորդ էր սահմանել 483.2 մլն դոլարով։
Մի շարք երկրներում ամերիկացի ռեժիսոր Քոլին Թրևորոուի «Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմի ցուցադրությունը սկսվել էր նախորդ չորեքշաբթի, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ հինգշաբթի։ Ընդհանուր առմամբ՝ ֆիլմը գտնվում է 68 երկրների վարձույթում։










