«Ոսկե Ծիրանը» այս տարիների ընթացքում դարձել է մեր մշակութային խորհրդանիշը. փոխնախարար
Այսօր «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, ՀՀ մշակույթի նախարարության, գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ մամուլի ասուլիսին ազդարարեցին փառատոնի 12-րդ մեկնարկը: Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ փառատոնը իր տրամաբանությամբ յուրահատուկ է: ««Ոսկե Ծիրանը» այն միջազգային մրցույթն է, որն այս տարիների ընթացքում դարձել է մեր մշակութային խորհրդանիշը»,- ասաց նա և նշեց, որ փառատոնը միջազգային ասպարեզում ամենաճանաչվածն է, և կարելի է ասել մեր ամենահայտնի այցեքարտն է:
Փոխնախարարն ասաց, որ փառատոնն իր բոլոր մրցութային անվանակարգերը պահպանելու է և լինելու են Ցեղասպանությանը նվիրված ցուցադրություններ:
«Այս տարի «Ռեժիսորներն առանց սահմանի» ծրագրին մասնակցելու են մի շարք երկրների մշակույթի նախարարներ, փոխնախարարներ»,- ասաց նա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նկատեց, որ փառատոնը նպաստում է միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչմանը, ինչը տարեցտարի ավելի լավ է ստացվում: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը շատ է գնահատում արվեստը, շարունակելու է կանգնել այս փառատոնի կողքը, որ ավելի մեծ թռիչքներ կարողանա կատարել միջազգային ասպարեզում»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշեց, որ Երևանը պատրաստ է բազմաթիվ հյուրեր ընդունելու և անհրաժեշտ մթնոլորտ ապահովելու: «Մի շարք բացօթյա դիտումներ կունենանք Երևանում, ինչը էապես կնպաստի կինոմթնոլորտին»,- ասաց նա և հույս հայտնեց, որ հյուրերը Հայաստանից տպավորված կվերադառնան:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց պետական և մասնավոր սեկտորներին աջակցության համար և նշեց, որ փառատոնի հիմնասյուները հենց մշակութային հովանավորներն են:
Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբուլցյանը նշեց, որ բացի մրցութային ծրագրերից այս տարի նաև արտամրցութային ծրագրերն են բավական հարուստ: «Երկու ծրագիր կա նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- ասաց նա և նշեց, որ ծրագրերից մեկը կոչվում է «Մենք կանք», որը ներկայացնելու է հայերի նկարահանած ֆիլմերը, և երկրորդ ծրագիրը կոչվում է «Այլևս երբեք», որը նվիրված է աշխարհում երբևէ տեղի ունեցած ցեղասպանություններին:
«Երկու մեծ լավ ծրագիր ունենք՝ «Նոր ֆրանսիական կինո», և «Նոր գերմանական կինո», որոնք բավական հարուստ են և նոր անուններ են ներկայացվելու»,- ասաց նա և նշեց, որ կլինեն երևանյան պրեմիերաներ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հայտնեց, որ գնալով ներկայացված ֆիլմերի քանակը և երկրներն ընդլայնվում են: «Այս տարի մասնակցության 1600-ից ավելի հայտ ենք ստացել՝ 105 երկրից»,- ասաց նա և նշեց, որ եղել են նաև հայտեր Աֆրիկայից և բազմաթիվ այլ երկրներից, ինչը վկայում է այն մասն, որ ամբողջ աշխարհում իսկապես ճանաչված է այս փառատոնը: Նա նաև ներկայացրեց այս տարվա ժյուրիի կազմը և ներկայացրեց, թե ժյուրիի որ անդամը որ անվանակարգը կգլխավորի. «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ»՝ Ռոբեր Գեդիգյան (Ֆրանսիայի), «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ» Մարեկ Հովորկան (Չեխիա) ,«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ»՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան), «Հայկական համայնապատկեր ազգային մցույթ»՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա):










