Որպեսզի մեծահարուստը շահագրգռված լինի մշակութային միջոցառումներ հովանավորելու հարցում, նրան պետք է հարկային արտոնություն տալ. Ռ. Բաբայան

18:08 • 16.06.15

Որպեսզի մասնավոր հատվածը մշակութային միջոցառումներին աջակցի, նախ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ անել օրենքի դաշտում, ըստ որի՝ մշակութային, առողջապահության, կրթության հարցերում աջակցություն տրամադրող ընկերությունը կամ անհատը որոշակի  արտոնություններ ստանա հարկային պարտավորությունների հարցում։ Այս մասին ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես կարելի է մասնավոր հատվածի հետաքրքրությունը շարժել և ներգրավել մշակութային միջոցառումներ հովանավորելու գործում:


«Սակայն այստեղ կա քաղաքակրթական հարց, որովհետև մշակույթին, կրթությանը, առողջապահությանը աջակցելը պետք է դառնա ներքին պարտավորություն»,- ասաց նա և նշեց, որ մասնավոր հատվածին մշակութային կյանքին ներգրավելը տարբեր  երկրներում արվում է տարբեր ուղղություններով։


«Երբ մեծահարուստը իր հարստությամբ պարտավոր է  հանրությանը, նա հատուցում է  հանրությանը, իսկ երբ իր հարստությամբ պարտավոր չէ հանրությանը, այլ որևէ մեկ անձի, նա հատուցում է այդ անձին։ Ուրեմն մենք պետք է փոխենք այդ համակարգը, որպեսզի մեր մեծահարուստները  պարտավոր և շնորհակալ լինելով նրանց՝ աջակցեն այդ հանրության կրթական, մշակութային ներկայությանը աշխարհում»,- ասաց նա:


Ռուբեն Բաբայանն ասաց, որ իրենք ողորմություն չեն ուզում, և ոչ էլ ֆինանսներ են խնդրում    անձնական կեցությունը ապահովելու բարելավելու համար, այլ ցանկանում են պարզապես աջակցություն՝ միջազգային հեղինակավոր փառատոներին ներկայանալու համար։


Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն  ասաց, որ Ֆրանսիայի «Բեմական կայծակ 29-րդ միջազգային փառատոնին»  մասնակցելու համար իրենք բազմաթիվ դիմումներ են ներկայացրել տարբեր կազմակերպություններին։  Նշենք, որ հունիսի 1-ից 6-ը  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական 2-րդ կուրսի ուսանողները՝  Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի ղեկավարությամբ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի ներկայացումով մասնակցել են Ֆրանսիայի «Բեմական կայծակ 29-րդ միջազգային փառատոնին» ( “Eclairs de Sce`ne 29 e`me Festival International de The`atre”) և արժանացել են «Ամենակրեատիվ և ամենաօրիգինալ բեմադրություն» անվանակարգում մրցանակի:
 

«Մենք բազմաթիվ նամակներ և դիմումներ էինք գրել տարբեր կազմակերպությունների և մեկ երկուսից ստացել էինք մերժողական պատասխան, իսկ մնացածները արհամարհել էին և նույնիսկ չէին պատասխանել»,- ասաց նա և նշեց, որ առաջիկայում կհրապարակի այն կազմակերպությունների անունները, որոնք չեն էլ պատասխանել իրենց  խնդրանքներին։ «Մենք բոլոր դեպքերում ներկայացնում էինք Հայաստանը, հայ մշակույթը և բոլոր այդ ամպագոռգոռ բառերը, որոնք հիմնականում արտասանում են մեծահարուստները, իրական գործունեության կարիք ունենք»,-ասաց նա։


Հարցին, թե տեսնելով արտերկրում մեր մրցակցային առավելությունները և Հայաստանի դերասանների վիճակը, արդյոք երիտասարդների մեջ երկրից հեռանալու ցանկություն չի առաջանում, Ռուբեն Բաբայանն ասաց. «Սա մեր երկիրն է, և  այս երկիրը պետք է դարձնենք այնպիսին, որ այս երկրում հաճելի լինի ապրելը, և դա  հենց երիտասարդները պետք է  անեն։ Ճանապարհը հաղթահարում է նա, ով անցնում է այդ ճանապարհով»,- ասաց նա և նշեց, որ այնպես չէ, որ բոլոր երկրներում դերասանների կյանքը հեշտ է։


«Ով ընտրում է այս մասնագիտությունը պետք է հասկանա, որ նա ունի մեկ ուրիշ առաքելություն՝ քան միայն հարստանալը և բարեկեցիկ կյանքով ապրելը»,- ասաց նա։

Որպեսզի մեծահարուստը շահագրգռված լինի մշակութային միջոցառումներ հովանավորելու հարցում, նրան պետք է հարկային արտոնություն տալ. Ռ. Բաբայան