Ջազը մեր հողի վրա ծիլ է տվել և բերք է տալիս .Արմեն Թութունջյան (Չիկո)
Ջազը արևմտաաֆրիկյան ու արևմտաեվրոպական մշակույթների խառնուրդ է, որը կայացավ ամերիկյան հողի վրա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց երաժիշտ Արմեն Թութունջյանը (Չիկո): Նա նշեց, որ ջազը դասական ձևով հինգ չափանիշ ունի, համաձայն որոնց կարելի է սահմանել ջազը, սակայն ջազը նաև միջազգային է: Նա տեղեկացրեց, որ վաղը կկայանա իր հեղինակած «Ջազը հայաստանյան» գրքի շնորհանդեսը, ուր ներկայացնում է Հայաստանում ջազի ամբողջ պատմությունը:
«Ջազը մեր հողի վրա ծիլ է տվել և բերք է տալիս»,- ասաց նա և նշեց, որ սխալ է ասել հայկական ջազ և պետք է ասել հայաստանյան ջազ:
Բանախոսը բացատրեց, որ բացի դասական տարբերակներից, հայերը ջազ են նվագում, որը համեմված է հայկական էլեմենտներով: Նա կոչ արեց ջազը չհիշել միայն միջոցառումների ժամանակ:
Ինչ վերաբերում է ընդհանրապես ջազի պատմությանը, Արմեն Թութունջյանն ասաց, որ ջազ բառը ավել շուտ է հասել Եվրոպա, քան իսկական ջազմենները, որովհետև միշտ եղել է ջազանման մի պրոդուկտ, որը ջազ չի եղել: Նա ասաց, որ կարծրատիպ է կարծել, թե ջազը սևամորթների արվեստ է, շատ հրաշալի սպիտակամորթ կատարողներ կան:
Երաժիշտ Արմեն Հյուսնունցը նշեց, որ իր համար ջազը համամարդկային մշակութային արժեք է և կարող է կրել տարբեր երաժշտական ձևերը: Նա նշեց, որ մենք շատ ջազային լավ հանդիսատես ունենք, որոնք թեև քանակային առումով մեծամասնություն չեն, սակայն ջազը օտարամուտ չէ մեզ համար:
«Դա երաժշտական լեզվամտածողություն է, մտածելակերպ է և անկեղծ ու պրոֆեսիոնալ լինելը մեծ պահանջ ունի»,- ասաց նա և նշեց, որ կատարողը պետք է լուսավոր և անկեղծ երաժշտություն կերտի, ինչին մոտ է հայը և այն հայի համար կենսակերպ է:










